Չորեքշաբթի, 4 Մարտի 2026 11:14
Ալինա Հովհաննիսյան

Oracle Corporation-ը Հայաստանը դիտարկում է որպես հեռանկարային ուղղություն իր զբաղվածության և զարգացման կենտրոնների բացման համար

Oracle Corporation-ը Հայաստանը դիտարկում է որպես հեռանկարային ուղղություն իր զբաղվածության և զարգացման կենտրոնների բացման համար

Արմինֆո.Մարտի 2-ին Բարսելոնայում մեկնարկած Համաշխարհային բջջային կոնգրեսի (MWC) շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ամերիկյան Oracle Corporation ընկերության զարգացման հարցերով ավագ փոխնախագահ Մեթ Բիլի հետ։

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական առաջնահերթությունները և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Նա նշել է, որ Հայաստանը նպատակ ունի ձևավորել մրցունակ և միջազգային շուկաներում ինտեգրված տեխնոլոգիական էկոհամակարգ։ Նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ պետությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում համագործակցության զարգացման ուղղությամբ։

 

Մեթ Բիլն, իր հերթին, ներկայացրել է Oracle Corporation-ի թվային կառավարման ծրագրերը՝ նշելով, որ ընկերությունը տարբեր երկրներում ակտիվորեն համագործակցում է կառավարությունների հետ՝ պետական համակարգերի թվայնացման, տվյալների արդյունավետ կառավարման և հանրային ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ ներկայում Oracle-ն ունի խոշոր զբաղվածության և զարգացման կենտրոններ Հնդկաստանում, սակայն իր ներկայությունն ընդլայնելու նպատակով ուսումնասիրում է նոր տարածաշրջաններ։ Այդ գործընթացի շրջանակում, ըստ Մեթ Բիլի, հնարավոր է քննարկվի նաև Հայաստանը՝ որպես հեռանկարային ուղղություն՝ հաշվի առնելով երկրի տեխնոլոգիական ներուժը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության մի շարք հնարավորություններ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ուսումնասիրելով գործակցության կոնկրետ ձևաչափերն ու հնարավոր ուղղությունները։

 

Նշենք, որ Oracle Corporation-ն ամերիկյան անդրազգային  տեխնոլոգիական ընկերություն է, աշխարհում խոշորագույններից մեկը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներիոլորտում, որի կենտրոնակայանը գտնվում է Օսթինում (Տեխաս, ԱՄՆ)։

 

Հիմնադրվել է 1977 թվականին Սան Քլերում (Կալիֆոռնիա)։ Ընկերությունը մասնագիտանում է տվյալների կառավարման համար ծրագրային ապահովման, կորպորատիվ հավելվածների, ամպային տեխնոլոգիաների և սարքավորումների մշակման և վաճառքի մեջ։ Oracle-ը առավել հայտնի է իր Oracle Database տվյալների բազայի կառավարման համակարգով, բայց նաև առաջարկում է լուծումների լայն տեսականի ռեսուրսների կորպորատիվ պլանավորման (ERP), կապիտալի եւ անձնակազմի կառավարման (HCM), հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման (CRM) և այլ բիզնեսհավելվածների համար։ Այն նաև զարգացնում է ամպային ենթակառուցվածք և արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներ՝ մատակարարելով ամպային ծառայություններ, հարթակներ և ենթակառուցվածքային լուծումներ ձեռնարկությունների և պետական ​​​​կառույցների համար՝ ողջ աշխարհում։ -