Չորեքշաբթի, 4 Մարտի 2026 11:16
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը ITB Berlin-ում ներկայացնում է իր մշակութային ժառանգությունը, գաստրոնոմիան, գինեգործությունը և արկածային զբոսաշրջությունը

Հայաստանը ITB Berlin-ում ներկայացնում է իր մշակութային ժառանգությունը, գաստրոնոմիան, գինեգործությունը և արկածային զբոսաշրջությունը

Արմինֆո.Մարտի 3-ին մեկնարկել է ITB Berlin 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որը համախմբում է աշխարհի տարբեր երկրների ոլորտի առաջատար մասնագետներին։

 

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն, Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ միասնական տաղավարով, ներկայացնում է մեր երկրի բազմազան զբոսաշրջային առաջարկները՝ ընդգծելով մշակութային ժառանգությունը, գաստրոնոմիան, գինեգործությունը և արկածային զբոսաշրջության հնարավորությունները։

 

Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում են մի շարք հանդիպումներ և քննարկումներ միջազգային գործընկերների հետ՝ նպատակ ունենալով ընդլայնել համագործակցության շրջանակները, ներգրավել նոր շուկաներ և ամրապնդել Հայաստանի դիրքը, որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն։

 

Նշենք, որ, Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով, 2025 թվականին Հայաստան է այցելել 2, 26 մլն զբոսաշրջիկ, ինչը 2,7%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ թվից գերմանացի զբոսաշրջիկներին բաժին է ընկնում 1,5% կամ 34,1 հազար մարդ։

 

Հիշեցնենք, որ ITB Berlin-ը աշխարհի խոշորագույն և հեղինակավոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկն է, որն ամեն տարի հավաքում է զբոսաշրջության ոլորտի մասնագետներ տասնյակ երկրներից: Այն անցկացվում է 1966 թվականից և իր հիմնադրումից ի վեր ցուցահանդեսը փոքր արդյունաբերական տոնավաճառից վերածվել է գործարար կապերի, փորձի փոխանակման և ամբողջ աշխարհից զբոսաշրջային ծառայությունների և ապրանքների ցուցադրման գլոբալ հարթակի:

 

Միջոցառմանը մասնակցում են զբոսաշրջային շուկայի տասնյակ հազարավոր մասնագետներ, որոնց թվում են զբոսաշրջային գործակալությունների, ավիաընկերությունների, հյուրանոցային ցանցերի, ճանապարհորդական տեխնոլոգիաների մշակողների և ճանապարհորդության հետ կապված այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: ITB Berlin-ն առաջարկում է ցուցահանդեսներ, թեմատիկ տաղավարներ, կոնֆերանսներ, սեմինարներ, ինչպես նաև գործարար հաղորդակցության և պայմանագրերի կնքման ծրագրեր:

 

Հարթակը ներառում է բիզնես մաս (B2B), որտեղ ոլորտի ներկայացուցիչները քննարկում են արդի միտումները, տեխնոլոգիաները, մարքեթինգային ռազմավարությունները և միջազգային համագործակցությունը, ինչպես նաև ITB Berlin Convention - ը՝ կոնգրես-ծրագիր փորձագետների և ոլորտի առաջնորդների մասնակցությամբ: