Չորեքշաբթի, 4 Մարտի 2026 13:09
Ալինա Հովհաննիսյան

VWFA ղեկավար. Հայաստանը 25%-ով ավելացրել է գինու արտահանումը եվրոպական շուկաներ

VWFA ղեկավար. Հայաստանը 25%-ով ավելացրել է գինու արտահանումը եվրոպական շուկաներ

Արմինֆո.2025 թվականին Հայաստանը տարեկան 25%-ով ավելացրել է գինու արտահանումը եվրոպական շուկաներ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (VWFA) նախագահ Զարուհի Մուրադյանը «Երկիր մեդիա»-ի եթերում։

 

Ընդ որում, արժեքային արտահայտությամբ, նրա ասելով, արտահանումն աճել է 45%-ով։

Մուրադյանը նշել է, որ հայկական գինիները բարձր են գնահատվում եվրոպական շուկայում և առանձնահատուկ տեղ են զբաղեցնում HORECA հատվածում (հյուրընկալության եւ հանրային սննդի հատված․ Hotel, Restaurant, Cafe/Catering)։ Հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ մեր գինիները Եվրոպայում, հիմնականում, ներկայացված են ռեստորաններում և մասնագիտացված խանութներում։

 

«Գինու արտահանումը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք ունենք խաղողի բացառիկ տեսակներ և հետաքրքիր գինիներ։ Կարծում եմ, որ դրանք ներկայացնելով բարձր գնողունակություն և սպառում ունեցող երկրներում, մենք կարող ենք առանձնահատուկ տեղ գրավել միջազգային քարտեզի վրա՝ որպես գինեգործության հին պատմություն ունեցող երկիր», - ընդգծել է Մուրադյանը։

 

Միեւնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեր երկրի ներսում ավելացել է գինու սպառումը։ Եթե 2014 թվականին բնակչության մեկ շնչին բաժին էր ընկնում 1.2 լիտր գինի, ապա 2025 թվականին այդ ցուցանիշն աճել է մինչև 5 լիտր։

 

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում գինու արտադրության անկումը 2025 թվականին շարունակվել է՝ տարեկան տեմպերի 29%-ից մինչև 23.3% դանդաղմամբ՝ կազմելով 7.7 միլիոն լիտր։ ՀՀ մաքսային ծառայության տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը գինու արտահանումը նվազեցրել է 31,8%-ով (մեկ տարի առաջ 3.6% աճի դիմաց)՝ ապահովելով 1,4 միլիոն լիտր ծավալ։ Արտահանվող գինու հիմնական ծավալն, ավանդաբար, բաժին է ընկնում ռուսական շուկային՝ 70% (մեկ տարի առաջ 82.7%-ի դիմաց)։ Այնուհետև, մեծ տարբերությամբ, հետեւում են ԱՄՆ (6.6%), Լեհաստանը (3.3%), Չինաստանը և Ֆրանսիան (յուրաքանչյուրը՝ 2.5%), Բելգիան (1.9%), Նիդերլանդները և Լիտվան (յուրաքանչյուրը՝ 1.7%), Կանադան (1.2%), Իտալիան (0.8%), Գերմանիան և Ղազախստանը (յուրաքանչյուրը՝ 0.7%)։ Ավելի փոքր ծավալներ են մատակարարվել Արգենտինայ, Հնդկաստան, Հունաստան, Բելառուս, Բուլղարիա, Բրազիլիա, Ճապոնիա, Թայվան, Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ուկրաինա, Չեխիա, Իսպանիա և Իսրայել: Հազար լիտրից պակաս մատակարարվել է Անգոլայի, ԱՄԷ-ի, Իսլանդիայի, Լատվիայի, Կիպրոսի, Հոնկոնգի, Մալայզիայի, Նորվեգիայի և Շվեդիայի շուկաներ: