
Արմինֆո. Հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջարկում է փոքր բիզնեսների համար կիրառել զրոյական հարկային դրույքաչափ։ Այդ մասին հայտարարել է կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը՝ «Armenia TV»-ի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ բանկային համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների գործող մեխանիզմները թույլ կտան հեշտությամբ վերահսկել միջին ձեռնարկությունների՝ փոքրերի բաժանման հնարավորության և բիզնեսի մի մասի ստվերային հատված տեղափոխման հետ կապված ռիսկերը։ Բանկային համակարգի միջոցով կաարելի է հետևել ֆինանսական հոսքերի ուղղությանը։ Հարկային ծառայությունն այսօր գործ ունի մոտ 70 հազար փոքր բիզնեսի ձեռնարկությունների հետ, որոնք ապահովում են բոլոր հարկերի ընդամենը 2-2.5%-ը։ Փոքր բիզնեսին հարկերից ազատելը կլուծի երկու հարց․ միջին և խոշոր բիզնեսը հարկային համակարգ բերելը՝ դրան թափանցիկության ապահովմամբ, և փոքր բիզնեսը միջին բիզնեսի անցնելու թափանցիկության հարցի լուծումը։ Միջին բիզնեսին անցնելիս կգործեն այլ հարկային արտոնություններ և արտոնյալ վարկեր ներգրավելու մեխանիզմներ: «Մենք պետք է հրաժարվենք սահմանափակումներից և ճնշումներից և, փոխարենը, ներկայացնենք շահավետ առաջարկներ: Ներկայիս իրավիճակը, երբ կուտակվում են բազմամիլիոնանոց տուգանքներ և տույժեր, պետք է փոխարինվի շահավետ առաջարկների մեխանիզմներով», - նշել է Նարեկ Կարապետյանը։
Նա հավելել է, որ Սամվել Կարապետյանի ծրագրի շրջանակում նախատեսվում է 20 հազար բնակարանի կառուցում երիտասարդ և բազմազավակ ընտանիքների համար: Երևանում ներկայումս անշարժ գույքի գների զգալի աճ է նկատվում: Բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը կարող է անհաղթահարելի լինել երիտասարդ ընտանիքների համար: Կուսակցությունը հարցի լուծումը տեսնում է պետական և համայնքային նշանակության հողերի վրա կառուցապատման համար նախատեսված թաղամասերի կառուցապատման պլանավորման մեջ: Սա կլուծի մի քանի նպատակ․ ժողովրդագրական, քանի որ մեծ հավանականություն կա, որ ընտանիքները նոր բնակարանում կունենան երրորդ երեխան, և սեյսմիկ, քանի որ ներկայիս բնակարանային ֆոնդի մեծ մասը հարցեր է առաջացնում սեյսմակայունության տեսանկյունից և թարմացման կարիք ունի: Վերջապես, նախագիծը պետք է դիտարկել նաև նոր աշխատատեղերի ստեղծման համատեքստում: Այս դեպքում մարդիկ չեն դառնա արտագնա աշխատող, կառուցելով այլ պետություններում, այլ կզբաղվեն հարցի լուծմամբ սեփական տանը: