
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը մարտի 5-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի վերջնաժամկետի երկարաձգման վերաբերյալ» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Ինչպես նշվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, «Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի» շրջանակներում ներգրավված ՎԶԵԲ վարկային (10 626 263 եվրո) և ԵՄ ներդրումային դրամաշնորհային (10 520 000 եվրո) միջոցներն ուղղված են Մեղրի համայնքում միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր սահմանային անցակետի կառուցման ֆինանսավորմանը: Համաձայնագրերով ՀՀ կառավարությունը պարտավորություն է ստանձնել համաֆինանսավորել ԱԱՀ-ի գծով ծախսերը (շուրջ 2.1 մլն եվրո):
«Covid-19»-ով և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքով պայմանավորված վարկային և դրամաշնորհային միջոցների շրջանակում նախատեսված Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) իրականացման ժամկետները հետաձգվել են, որի արդյունքում երկարաձգվել են նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների փոփոխությունները, շինարարական աշխատանքների և ինժեների մրցույթների կազմակերպման ժամանակացույցերը:
Շինարարական աշխատանքների կազմակերպման նպատակով 2023 թվականի հունվարի 27-ին «TANA ENERGY MANAGEMENT» կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր: Պայմանագրի համաձայն աշխատանքները պետք է իրականացվեին 920 օրվա ընթացքում: Սակայն հետագայում առաջացած մի շարք խնդիրներով պայմանավորված սահմանվել է նոր ժամկետ` 980 օր, իսկ շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին:
2023 թվականի մայիսի 5-ին պայմանագիր է կնքվել նաև «Roughton International Limited» կազմակերպության (ինժեներ) հետ՝ շինարարական աշխատանքների գծով վերահսկողություն իրականացնելու նպատակով:
Ներկայումս վերոնշյալ երկու կազմակերպությունները շարունակում են պայմանագրով սահմանված աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումը: Այնուամենայնիվ, Ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած օբյեկտիվ և տեխնիկական հանգամանքները, մասնավորապես՝ մաքսային մարմինների և ԱԱԾ գործառութային փոփոխությունները, էականորեն ազդել են շինարարության տեմպերի վրա և առաջացրել նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արձանագրվել են ժամկետային շեղումներ, ինչի հիման վրա կապալառուն ներկայացրել է նոր աշխատանքային գրաֆիկ՝ շինարարության ավարտը նախատեսելով մինչև 2026թ. դեկտեմբերի վերջը:
Դրամաշնորհային համաձայնագրի «2.02. Մասհանումներ» բաժնի համաձայն դրամաշնորհային միջոցների հասանելիության համար վերջնաժամկետ սահմանվել էր 2024 թվականի հունվարի 31-ը, որը հետագայում երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 31-ը: «Ելնելով վերոգրյալից` Բանկի նամակի նախագծով նախատեսվող «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի» դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգումը գտնում ենք նպատակահարմար», - ասվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրվել էր 21,1 միլիոն եվրոյի համապատասխան համաձայնագիր։ Այդ գումարից ՎԶԵԲ-ը Հանրապետությանը կտրամադրի 10,6 միլիոն եվրո վարկ՝ Libor+1% պայմաններով, որը կիսամյա կտրվածքով կազմում է 1,7%։ Ֆինանսավորման մեծ մասը կապահովվի ԵՄ կողմից Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակում տրամադրված դրամաշնորհային միջոցներից՝ 10,6 միլիոն եվրո և 700 հազար եվրո։ Սահմանային անցակետի արդիականացման նախագիծն իրականացնում է իրանական ընկերությունը։
Հայ-իրանական սահմանին գտնվող նոր «Մեղրի» անցակետի հիմքը դրվել է 2023 թվականի հունիսի 2-ին։ «Շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, ինչի արդյունքում կունենանք ժամանակակից սահմանային անցակետ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին», - այն ժամանակ նշել էր Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Ռուստամ Բադասյանը։ Նա նշել էր, որ ծրագրի իրականացման արդյունքում անցակետը ներկայիս 6,6 հեկտարից կընդլայնվի մինչև 8,8 հեկտար։ Թողունակությունն օրական 300 փոխադրամիջոցից կավելանա մինչև 900։
Մեղրիի սահմանային անցակետի գործառույթների լիակատար ապահովման համար կառուցվելու է երկհարկանի վարչական շենք՝ 4000 քառակուսի մետր մակերեսով, և տանիքում 1500 քառակուսի մետր մակերեսով արևային էլեկտրակայան։ Անցակետը ներառելու է փոխադրամիջոցների մանրակրկիտ զննման, բեռնատարների ռենտգենային զննման և մաքսային ձևակերպման համար նախատեսված տարածքներ, ինչպես նաև ուղևորատար ավտոմեքենաների ռենտգենային վերահսկման տարածք, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողության կետ և ենթակառուցվածքնի այլ օբյեկտներ։