Հինգշաբթի, 5 Մարտի 2026 13:04
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Ալբանիան նոր ուղիներ են փնտրում զբոսաշրջության համատեղ խթանման համար

Հայաստանն ու Ալբանիան նոր ուղիներ են փնտրում զբոսաշրջության համատեղ խթանման համար

Արմինֆո. ITB Berlin 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի նախարարության մշակույթի հարցերով փոխնախարար Լիրա Պիպային, Զբոսաշրջության քաղաքականության և զարգացման գլխավոր տնօրեն Սոկոլ Իսմայիլիին և Զբոսաշրջության խթանման տնօրեն Էլկանա Հիմչիին։

 

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ զբոսաշրջային համագործակցության հեռանկարները, ներկայացվել են զբոսաշրջային վիճակագրության տվյալները և ոլորտի վերջին զարգացումները։

Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում թվայնացման և արհեստական բանականության գործիքների կիրառմանը, ինչպես նաև փորձի փոխանակմանը։

Քննարկվել են խոշոր միջազգային միջոցառումների, ցուցահանդեսների, փառատոների և MICE միջոցառումների շրջանակում համագործակցության հնարավորությունները։

Նշվել է, որ երկրների միջև գործում է առանց վիզայի ռեժիմ, սակայն առկա չեն ուղիղ չվերթներ։

 

Հանդիպման ընթացքում կարևորվել է համագործակցության ընդլայնումը՝ համատեղ ծրագրերի իրականացման, առաջատար միջոցառումներին փոխադարձ մասնակցության և գործարար կապերի զարգացման միջոցով։

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2025 թվականին Ալբանիայից Հայաստան է այցելել ընդամենը 255 զբոսաշրջիկ, ինչը 4,9 տոկոսով զիջում է 2024 թվականի ցուցանիշին ։