
Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովի գլխավորած պատվիրակությանը։
Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և ԵԱԶԲ-ի միջև համագործակցության ընթացիկ վիճակը և զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխգործակցության խորացման կարևորությունը։ Նշվել է, որ 2023–2025 թվականներին Բանկը Հայաստանում իրականացրել է 24 հաջողված ծրագիր, որոնք էականորեն խթանել են տարբեր ոլորտների զարգացումը՝ հատկապես մասնավոր հատվածի տնտեսական ակտիվությունը։
Հանդիպման ավարտին ՀՀ ֆինանսների նախարարության և ԵԱԶԲ-ի միջև ստորագրվել է «Տեխնիկական աջակցության տրամադրման մասին» պայմանագիրը, որի նպատակն է աջակցել պետական մարմինների ՊՄԳ ոլորտի կառավարման համակարգի ամրապնդմանը և անձնակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործմանը՝ համահունչ միջազգային լավագույն փորձին: Ծրագիրը նախատեսում է ինստիտուցիոնալ միջավայրի բացերի գնահատում, ոլորտի կառավարման և ֆինանսական կառուցվածքի օպտիմալ մոդելների մշակում, ինչպես նաև թիրախային վերապատրաստում և APMG միջազգային սերտիֆիկացում: Նախատեսվում է նաև ՊՄԳ կենտրոնի ենթակառուցվածքային զարգացում և տեխնիկական վերազինում, ինչը կնպաստի աշխատանքային գործընթացների արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ կյանքի կոչելով նոր նախաձեռնություններ և համատեղ նախագծեր։
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) բազմակողմ զարգացման բանկ է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Ավելի քան 20 տարի ԵԱԶԲ-ն աջակցում է անդամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և համակողմանի զարգացմանը: 2025 թվականի վերջին ԵԱԶԲ-ի կուտակված պորտֆելում կա 326 նախագիծ՝ ներդրումների 19,6 մլրդ դոլար ընդհանուր ծավալով։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական բաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն ազդեցություն ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: ԵԱԶԲ-ն իր գործունեությունում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և ESG սկզբունքներով: