
Արմինֆո. Հայաստանը կմասնակցի «SIAL Paris» միջազգային սննդի արդյունաբերության ցուցահանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-21-ը Ֆրանսիայի Փարիզ քաղաքի Paris Nord Villepinte Exhibition Centre ցուցահանդեսային համալիրում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, այս տարի Հայաստանի Հանրապետությունը ցուցահանդեսին կմասնակցի ազգային տաղավարով՝ արդեն երկրորդ անգամ։ Հայաստանը ներկայացվածությունը կապահովի երկու առանձին մասնագիտացված սրահներում՝ սննդամթերք և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
«SIAL Paris»-ը սննդի արդյունաբերության ոլորտի աշխարհի խոշորագույն և հեղինակավոր մասնագիտական հարթակներից մեկն է, որն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ համախմբելով շուրջ 8,000 մասնակից ընկերությունների և հարյուր հազարավոր ոլորտային մասնագետների աշխարհի տարբեր երկրներից։ Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում երկայացնել հայկական արտադրանքը միջազգային շուկաներում, հաստատել նոր գործարար կապեր և ընդլայնել արտահանման աշխարհագրությունը, ծանոթանալ ոլորտի համաշխարհային միտումներին և նորարարական լուծումներին, մասնակցել B2B հանդիպումների և մասնագիտական քննարկումների։ Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվում են նաև ոլորտային համաժողովներ, շուկայի վերլուծություններ, ինչպես նաև նորարարական արտադրանքների ներկայացումներ։