Ուրբաթ, 20 Մարտի 2026 13:33
Ալինա Հովհաննիսյան

ՏԿԵ նախարարությունում քննարկել են KfW-ի հետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

ՏԿԵ նախարարությունում քննարկել են KfW-ի հետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

Արմինֆո.Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը: 

 

Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուտեր-Պելցը: 

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ և ջրային ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: 

 

Նախարարն արձանագրել է, որ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործընթացում էական առաջընթաց կա և ընդգծել է այդ ծրագրի կարևորությունը Հայաստանի համար։

 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել KfW վերակառուցման և զարգացման բանկի հետ "Կովկասյան էներգետիկ ցանց, փուլ II" ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի և ԵՄ "Կովկասյան էներգետիկ ցանց, փուլ IV" ծրագրի վարկային համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթերը ենթադրում են լրացուցիչ 120 մլն եվրո վարկային միջոցների և 15 մլն եվրո դրամաշնորհային ռեսուրսների ներգրավում։

 

Նախագիծն ուղղված է հայկական և վրացական էներգահամակարգերի միացմանը 500/400/220 կՎ բարձրավոլտ փոխակերպիչ հաստատուն հոսանքի ենթակայանի միջոցով (վերջնական հզորությունը ՝ 1050 ՄՎտ), որը տեղակայվելու է Վրաստանի սահմանի մոտ ՝ Այրումում (Հայաստան): Վրացական կողմից միացումը կիրականացվի Մառնեուլիի ենթակայանից 500 կՎ օդային էլեկտրահաղորդման գծով, իսկ հայկական կողմից ՝ Դդմաշենի 400/220 կվ ենթակայանից 400 կՎ օդային էլեկտրահաղորդման գծով: Արդյունքում՝ նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 Մվտ-ի, իսկ հետագայում, կախված տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել 1050 ՄՎտ-ի:

 

KfW զարգացման բանկը գործում է Հայաստանում 1998 թվականից և ներկայումս հանդիսանում է ՀՀ տնտեսության ամենամեծ վարկատուն։ Վերջին մի քանի տարիների ընթացքում KfW-ի կուտակային ներդրումները ՀՀ տնտեսությունում կազմել են մոտ 1.1 միլիարդ եվրո։ Գերմանիայի դաշնային կառավարության անունից այն աջակցում է հետևյալ ոլորտներում իրականացվող նախագծերին՝ կայուն տնտեսական զարգացում, վերապատրաստում և զբաղվածություն, կլիմա և էներգետիկա, արդար անցում, կայուն քաղաքային զարգացում և բնական պաշարների պաշտպանություն։