
Արմինֆո.Հայաստանի խնդրանքով Վրաստանը և Հայաստանը կապող գազատարի 5.5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի։ Համապատասխան դիմումն արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիան»։
Փաստաթղթերի համաձայն՝ գազատարի տեղանքի փոփոխությունը պայմանավորված է հայկական կողմի խնդրանքով, քանի որ գազատարի հայկական հատվածը գտնվում է եռակողմ՝ վրաց-հայ-ադրբեջանական սահմանային գոտում և ականապատվել է 1990-ական թվականներին։
«Հաշվի առնելով, որ այս հատվածում անհնար է պահպանել նվազագույն անվտանգության չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի վերոնշյալ խնդրահարույց հատվածը հանել ականապատ տարածքից և անվտանգ հեռավորության վրա կառուցել նոր գազատար», - նշվում է տեղափոխման հիմնավորման մեջ։
Խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր և կմիացվի հայկական կողմի կողմից կառուցված նոր հատվածին։