Ուրբաթ, 27 Մարտի 2026 16:45
Էմմանուիլ Մկրտչյան

Ամերիաբանկն ընդգրկվել է համաշխարհային տնտեսությունը ձևավորող ընկերությունների ցանկում

Ամերիաբանկն ընդգրկվել է համաշխարհային տնտեսությունը  ձևավորող ընկերությունների ցանկում

Արմինֆո.Վերջերս Հայաստանի ֆինանսական համայնքում տեղեկություն տարածվեց. Ամերիաբանկը` որպես 4.25 մլրդ ֆունտ ստերլինգ կապիտալիզացիա ունեցող Lion Finance Group (LFG) խմբի անդամ, ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի առաջատար ֆոնդային բորսայի FTSE 100 ինդեքսում (ոչ պաշտոնապես՝ «Footsie»), որը համարվում է բրիտանական շուկայի  հիմնական ցուցիչ և Եվրոպայի ամենաազդեցիկ բորսայական ինդեքսներից մեկը։

Այսպիսով, հայկական ֆինանսական ընկերությունն առաջին անգամ, թեև անուղղակիորեն, հայտնվել է համաշխարհային ներդրումային քարտեզի վրա։ Ինչի՞ մասին է սա խոսում և ի՞նչ առավելություններ է տալիս Հայաստանի տնտեսությանը։ Այս թեմայի շուրջ ԱրմԻնֆո-ի թղթակիցը զրուցեց Հայաստանում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիր Amber Capital Armenia ընկերության ղեկավար Անուշավան Սիմոնյանի հետ։ 

 

- Աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններում և բանկերում աշխատելու մեծ փորձ ունենալով ՝ Դուք վստահաբար գիտեք, թե ի՞նչ է նշանակում FTSE 100 միջազգային առաջատար ինդեքսում թեկուզ անուղղակիորեն ընդգրկվելը Հայաստանի տնտեսության, ներդրումային գրավչության և ներդրողների վստահության մակարդակի տեսանկյունից։ Հիշեցնենք, որ LFG խումբը երկար ժամանակ ընդգրկված էր FTSE 250 ինդեքսում, սակայն միայն հիմա նրան հաջողվեց հասնել «ընտրյալների» մակարդակի։ Ի՞նչ է դա նշանակում ներդրումային տեսանկյունից։

- Սա շատ կարևոր իրադարձություն է։ Այո, մի կողմից, թվում է, թե սա տեխնիկական պահ է, քանի որ Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) ցուցակված ընկերությունները կարող են առաջ անցնել և ավտոմատ կերպով ընդգրկվել FTSE 100 ինդեքսում՝ բիզնեսի  աճի և կապիտալիզացիայի ավելացման արդյունքում։ Մյուս կողմից, գտնվելով այս լիգայում` դուք հայտնվում եք աշխարհի խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրության կենտրոնում՝ դառնալով ներդրումային «շրջապտույտի» մի մասը։  Ներդրողները, որոնք FTSE 250-ի պարագայում ընտրողաբար են հանդես գալիս որպես ակտիվ ներդրող, FTSE 100-ի պարագայում հաճախ հանդես են գալիս որպես պասիվ ինդեքսային ներդրողներ, և ինդեքսում ընդգրկվող ընկերությունների բաժնետոմսերը ձեռք են բերվում ավտոմատ կերպով ու շատ ավելի ակտիվորեն շրջանառվում:

Արդյո՞ք դա առավելություններ կտա Հայաստանին։ Իհարկե, ինստիտուցիոնալ ներդրողները սովորաբար ավելի խորն են վերլուծում ինդեքսի մասնակիցներին, մանրամասն ուսումնասիրում խմբի կառուցվածքը, ակտիվները, երկրի և վարկային ռիսկերը։ Այսպիսով, որպես LFG խմբի մաս Ամերիաբանկի՝ FTSE 100-ում ընդգրկվելու շնորհիվ Հայաստանը հայտնվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական դերակատարների՝ BlackRock-ի, Fidelity-ի, Vanguard-ի և շատ ուրիշների ուշադրության կենտրոնում։

 

- Հիշում եմ այն ​​ժամանակները, երբ Bank of Georgia Group-ը, որն Ամերիաբանկի  միանալուց հետո վերանվանվեց Lion Finance Group, տարիներ առաջ դուրս էր եկել Լոնդոնի ֆոնդային բորսա։ Դա խոշոր իրադարձություն էր, այդ թվում՝ քաղաքական։ Հետագայում մենք Հայաստանում  նույն հաջողությունն էինք ակնկալում հայաստանյան ընկերությունից։ Կարո՞ղ ենք այսօր ասել, որ խմբի ներկայությունը FTSE 100-ում խթան կդառնա հայկական ընկերությունների, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունների համար Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու և միջազգային կապիտալի շուկաներ մուտք գործելու համար։

- Շատ լավ եմ հիշում այդ ժամանակները, քանի որ ինձ բախտ էր վիճակվել աշխատել Merrill Lynch ներդրումային բանկում, որը հանդես էր գալիս որպես Bank of Georgia-ի IPO-ի կազմակերպիչ Լոնդոնում: Այն ժամանակ աշխատանքն սկսվում էր բանկին սինդիկացված վարկի տրամադրումից, միջազգային կապիտալի շուկաների և առաջատար ներդրողների հետ ծանոթությունից, ինչը, արդյունքում, նպաստեց IPO-ի բարեհաջող անցկացմանը։ Դա առաջին IPO-ն էր մեր տարածաշրջանից, և, անշուշտ, նպաստեց, որ ներդրողները հետաքրքրություն ցուցաբերեն տարածաշրջանի նկատմամբ և այն ավելի ակտիվ ուսումնասիրեն։

 

- Արդյո՞ք FTSE 100-ում ընդգրկվելը կօգնի Lion Finance Group խմբի կապիտալիզացիայի բարձրացմանը, և ինչպե՞ս կարող է Ամերիաբանկն օգտվել կապիտալիզացիայի այս աճից։

- Լավ հարց է։ Կապիտալիզացիան համապարփակ աշխատանքի կարևոր արդյունք է և կախված է բազմաթիվ գործոններից, սկսած այնպիսի հիմնարար գործոններից, ինչպես, օրինակ` բանկի զարգացումը, ֆինանսական ցուցանիշների աճի դինամիկան, հաճախորդների բազան, ակտիվները, այսինքն՝ ընդհանուր ֆինանսական կատարողականը (FPM): Սա բիզնեսի մեկ` ֆունդամենտալ ասպեկտն է։ Մյուսն այն է, թե որքան ակտիվ են ներդրողները փոխգործակցում բանկի հետ, ինչը նույնպես ազդում է դրա գնահատման վրա։ Այսպիսով, կարող ենք ասել, որ մի կողմից հաշվի են առնվում բանկի կատարողականի հիմնարար ցուցանիշները, իսկ մյուս կողմից՝ ընկերությունների կամ բանկերի բազմարկիչը /multiplicator/: Եվ եթե համաշխարհային խոշոր ներդրողները սկսում են ակտիվ  մասնակցել բանկի բաժնետոմսերի առքուվաճառքին, ապա, բնականաբար, այդ բաժնետոմսերի իրացվելիությունը բարձրանում է, մեծանում է վստահությունը թողարկողի նկատմամբ, ավելի հեշտ է լինում հասկանալ ռիսկերը, և, որպես արդյունք, բիզնեսի գնահատականը մեծանում է։

 

 - Իսկ ֆինանսավորման տեսանկյունից արդյո՞ք Ամերիաբանկի և հայկական ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների ակտիվ գործունեության ֆինանսավորումն ավելի դյուրին կդառնա։ Արդյո՞ք սա կխթանի մեր բանկային համակարգի հետագա աճը ոչ թե դոնոր կազմակերպությունների հաշվին, որոնք ընտրողաբար են աջակցում այս կան այն ընկերությանը, ինչը, իմ կարծիքով, որոշ չափով խեղաթյուրում է շուկան, այլ հենց խոշոր միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների միջոցների շնորհիվ։

- Ինչպես գիտեք, գոյություն ունի Equity Funding (ներդրողների բաժնետիրական մասնակցությունը բիզնեսում) և Debt Funding (փոխառնված միջոցների ներգրավում)։ Այսինքն՝ խոսքը կապիտալի ամբողջ սպեկտրի մասին է՝ թե՛ բաժնետիրական, թե՛ պարտքային։ Բաժնետիրական կապիտալի մասով արդեն նշել եմ, որ խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողները, որոնք հետևում են FTSE 100 ինդեքսին, այդ թվում՝ ETF-ների միջոցով,  ավտոմատ կերպով գնելու են հավելյալ բաժնետոմսեր՝ ինդեքսի պորտֆելը համալրելու համար։ Դա կհանգեցնի այդ բաժնետոմսերի նկատմամբ պահանջարկի զգալի աճին։ Այսինքն, Equity Funding-ի տեսանկյունից, դինամիկան միանշանակ դրական է։ Պարտքային կապիտալի շուկայի տեսանկյունից, FTSE 100-ի նկատմամբ վստահությունը շատ բարձր է, քանի որ կան ռիսկերի գնահատման և կորպորատիվ կառավարման չափանիշների կարևոր ասպեկտներ, որոնք ավելի խիստ են կարգավորվում հենց FTSE 100 ինդեքսային խմբի շրջանակներում: Օրինակ, կորպորատիվ կառավարման շրջանակում ընկերության Տնօրենների խորհրդի աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը Աուդիտի և վարձատրության կոմիտեի (Audit and Remuneration Committee) աշխատանքն է։ FTSE 100-ի շրջանակներում տվյալ կոմիտեի նկատմամբ պահանջները ավելի խիստ են, և այն պետք է ամբողջությամբ բաղկացած լինի անկախ տնօրեններից։ Սա նույնպես շատ մեծ վստահություն է ներշնչում ներդրողներին` դրական ազդեցություն ունենալով ֆինանսավորման վրա։

 

- Այսինքն, եզրակացնում ենք, որ Lion Finance Group-ի ընդգրկվելը FTSE 100-ում հնարավորություն է տալիս էապես կրճատել ծախսերը և մեծացնել պարտքային ֆինանսավորման հասանելիությունը։

- Միջազգային կապիտալի շուկաների տեսանկյունից՝ միանշանակ։ Որովհետև, ինչպես արդեն նշեցի, ներդրողները շատ ավելի դրական են վերաբերվում FTSE 100-ում ընդգրկված անդամի հեղինակավոր կարգավիճակին արժանացած դերակատարներին։
 

- Իսկ ի՞նչ կասեք ամբողջ հայկական ֆինանսական շուկայի մասին։ Կարո՞ղ է այն անուղղակիորեն շահել FTSE 100 բարձրագույն լիգայում հայկական բանկի ներկայությունից։

- Գիտեք, որ համաշխարհային շուկաների տեսանկյունից, կարևոր չափանիշներից մեկը, որը թույլ չէր տալիս Հայաստանի թողարկողներին մուտք գործել ֆոնդային շուկաներ, փոքր մասշտաբն է, քանի որ կա այնպիսի կարևոր հասկացություն, ինչպիսին է Size matters («Չափը նշանակություն ունի»)։ Oրինակ, եվրոպարտատոմսերի շուկա դուրս գալու համար ակնկալվում է, որ պարտատոմսերի թողարկման ծավալը պետք է կազմի առնվազն 100 միլիոն ԱՄՆ դոլար։ Սա ներդրողների համար կարևոր է՝ արժեթղթերի իրացվելիության առումով, իսկ թողարկողների համար՝ տնտեսական նպատակահարմարության առումով, քանի որ գործարքների կազմակերպումը բավականին ծախսատար է։ Մեր բանկերը զգալիորեն աճել են, հատկապես վերջին տարիներին, և արդեն ունեն միջազգային շուկաներ մուտք գործելու բոլոր հնարավորությունները։ Դրանցից մի քանիսը, օրինակ՝ Արդշինբանկը, արդեն իսկ դա անում է, և ես հույս ունեմ, որ առաջիկա տարիներին կտեսնենք ավելի դրական դինամիկա։

 

- Այո, բայց խոսքը դեռ պարտքային արժեթղթերի մասին է, այլ ոչ թե բաժնային, թեև սա, անշուշտ, նույնպես չափազանց կարևոր է։

- Միջազգային շուկաների տեսանկյունից, սա առաջին քայլն է։ Ընդհանուր առմամբ, պարտատոմսերի շուկա մուտք գործելը և սովորելը, թե ինչպես գործել կապիտալի շուկաների կանոններով, աշխատել միջազգային ներդրողների հետ և նրանց սովորեցնելը, թե ինչպես ճիշտ ընկալել Հայաստանի տնտեսությունը և նրա ֆինանսական շուկան, շատ կարևոր գործընթաց է։ Սա առաջնային տեղաբաշխման (IPO-ի) և բաժնետիրական կապիտալի հանրային շուկաներ մուտք գործելու լավ նախապատրաստություն է։ Այսպիսին է քայլերի շղթան, և կարող ենք հուսալ, որ FTSE 100-ի քարտեզի վրա Հայաստանի հայտնվելը մեզ թույլ կտա մոտ ապագայում  նման հաջողված դեպքերի ականատես լինել։