Երեքշաբթի, 31 Մարտի 2026 12:00
Կարինա Մելիքյան

Համաշխարհային բանկը Հայաստանին 200 մլն դոլար կտրամադրի՝ ի աջակցություն անցմանն ավելի մրցունակ և գլոբալ ինտեգրված տնտեսության

Համաշխարհային բանկը Հայաստանին 200 մլն դոլար կտրամադրի՝ ի աջակցություն անցմանն ավելի մրցունակ և գլոբալ ինտեգրված տնտեսության

Արմինֆո. Համաշխարհային բանկը հավանություն է տվել 200 մլն դոլար (170.3 մլն եվրո) արժողությամբ "Տնտեսական զարգացման քաղաքականություն" ծրագրին՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և գլոբալ ինտեգրված տնտեսության, որը պատասխանատու կերպով կառավարում է արտանետումները: Բացի այդ, ՕՊԵԿ հիմնադրամը մտադիր է զուգահեռ մինչև 92.8 մլն դոլարի (80 մլն եվրո) ֆինանսավորում տրամադրել: Արդյունքում՝ աջակցության ընդհանուր փաթեթը կկազմի մոտավորապես 290 մլն դոլար (250 մլն եվրո)։ Այդ մասին նշվում է ՀԲ հաղորդագրությունում։

 

Հայաստանի համար "Տնտեսական զարգացման քաղաքականություն" ծրագիրն աջակցում է բարեփոխումների բազմաոլորտ ծրագրին, որն ուղղված է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի արդիականացմանը, մրցակցության ուժեղացմանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև կայունության ներդրմանը երկրի ֆիսկալ և կարգավորող համակարգերում:

 

Հայաստանում ՀԲ-ի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն հայտարարել է. «Հայաստանը բարեփոխումների հավակնոտ ծրագիր է իրականացնում, եւ մենք աջակցում ենք ավելի բաց, մրցունակ եւ կայուն տնտեսություն կառուցելու երկրի ջանքերին: Ավելի դիվերսիֆիկացված և կայուն տնտեսության անցումը կստեղծի աճի պայմաններ, որոնք օգուտ կբերեն յուրաքանչյուր քաղաքացու»:

 

Գործողությունը հիմնված է երկու հիմնասյուների վրա։ Առաջինն ուղղված է ներդրումների ներգրավմանը և առևտրի զարգացմանը, ինչպես նաև մրցակցության խթանմանը։ Բարեփոխումները ներառում են ներդրումների համար իրավական դաշտի արդիականացում, մաքսային ընթացակարգերի պարզեցում, ներմուծվող ապրանքների վերամշակման ժամկետների 20 տոկոսով կրճատում, ինչպես նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության ուժեղացում եւ անբարեխիղճ առեւտրային պրակտիկայի սահմանափակում: Բարեփոխումները նաև աջակցում են թվային տնտեսության համար հիմնարար նշանակություն ունեցող օրենքների ընդունմանը, ներառյալ կիբեռանվտանգության կառավարման բարելավումը:

 

Երկրորդ հիմնասյան շրջանակում բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել ավելի կայուն տնտեսություն և լրացնում են առաջին հիմնասյունը, խթանելով ներդրումները, որոնք պատասխանատու կերպով կառավարում են արտանետումները: Հիմնական միջոցառումները ներառում են «Կլիմայի մասին» նոր օրենքի ընդունումը, որն աջակցում է պետական ​​բյուջեում կլիմայի բյուջեի «պիտակավորման» կիրառմանը, ազգային ջերմոցային գազերի արտանետումների թույլտվությունների համակարգի ստեղծումը և կանաչ տաքսոնոմիայի ներդրումը՝ տնտեսության մեջ կայուն տնտեսական աճի գործողությունների սահմանման և դասակարգման համակարգի ստանդարտացման համար, որը կօգնի դրանց համար մասնավոր ներդրումների ներգրավմանը։ Գործողությանն աջակցել են Climate Support Facility կլիմայական աջակցության հիմնադրամը և PROGREEN Trust Fund նպատակային հիմնադրամը, որոնք տեխնիկական և վերլուծական աջակցություն են տրամադրել կլիմայական բարեփոխումների բաղադրիչներին: Իրականացումը կվերապահվի ՀՀ ֆինանսների նախարարությանը, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդես կգան որպես առանցքային աջակիցներ:

 

Համաշխարհային բանկում հայտարարել են զարգացման ճանապարհին Հայաստանին հետագայում ևս աջակցելու մտադրության մասին, որն ուղղված է աղքատության նվազեցմանը՝ պահպանելով բնապահպանական կայունությունը։ 1992 թվականից ի վեր Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 միլիարդ դոլար, ներառյալ ներդրումային վարկավորման ընթացիկ պորտֆելը՝ մոտ 420 միլիարդ դոլարի չափով, ինչպես նաև դրամաշնորհներ, վերլուծական և տեխնիկական աջակցություն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), հավատարմագրային հիմնադրամների և Միջազգային զարգացման ընկերակցության (IDA) կողմից, որի դոնորը Հայաստանը դարձել է 2023 թվականին։