Ուրբաթ, 3 Ապրիլի 2026 10:51
Ալինա Հովհաննիսյան

Կատարը հետաքրքրված է Հայաստանի հետ զբոսաշրջության ոլորտում ներդրումային համագործակցությամբ

Կատարը հետաքրքրված է Հայաստանի հետ զբոսաշրջության ոլորտում ներդրումային համագործակցությամբ

Արմինֆո. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայթինի և դեսպանության ներկայացուցիչների հետ։

 

Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները՝ ընդգծելով միմյանց երկրներում զբոսաշրջային ներուժի ներկայացմանն ու գործարար կապերի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

 

Կողմերը փոխանակել են տեղեկատվություն վիճակագրության, միմյանց երկրներում ոլորտային նոր զարգացումների մասին, խոսել են միմյանց ժողովուրդների ճամփորդական նախասիրությունների, հյուրընկալության և ծառայությունների բնագավառում առկա խնդիրների մասին։

 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ոլորտի օրենսդրական բարեփոխումներին և թվայնացման գործընթացներին, տարվա ընթացքում նախատեսվող կարևոր միջոցառումներին և դրանց շրջանակներում հնարավոր համագործակցությանը։

 

Կատարական կողմը նաև հետաքրքրություն է հայտնել Հայաստանում զբոսաշրջության բնագավառում ներդրումների վերաբերյալ։

 

Կողմերը պայմանավորվել են առավել սերտ համագործակցել առաջիկայում համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։

 

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2025 թվականին Կատարից Հայաստան է այցելել ընդամենը 282 զբոսաշրջիկ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշին զիջում է 5,1 տոկոսով ։