Երկուշաբթի, 6 Ապրիլի 2026 14:35
Ալինե Գրիգորյան

ԱԷՄԳ փորձագիտական խումբը Հայաստանի հետ կկիսի միջուկային անվտանգության ոլորտի իր փորձը՝ COP 17-ին ընդառաջ

ԱԷՄԳ փորձագիտական խումբը Հայաստանի հետ կկիսի միջուկային անվտանգության ոլորտի իր փորձը՝ COP 17-ին ընդառաջ

Արմինֆո.   Հայաստանում է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագիտական խումբը՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (COP17) կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ միջուկային անվտանգության ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ սեմինարներ անցկացնելու նպատակով։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

 

Նշվում է, որ հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Միջոցառման շրջանակում առանցքային ուշադրություն է դարձվում անվտանգության բոլոր բաղադրիչներին։ Արդեն իսկ նշանակվել են անվտանգության պատասխանատուներ և համակարգողներ։

 

«Միջոցառումն իր հնչեղությամբ և մեծածավալությամբ աննախադեպ է Հայաստանի Հանրապետության համար։ Միջոցառման միջուկային անվտանգության ապահովման համակարգող է հանդիսանում Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենը »,- նշել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը։

 

Համաժողովին մասնակցելու են մի շարք պետությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը պահանջում է միջոցառման ճիշտ պլանավորում և բարձր մակարդակի պատրաստվածություն։

 

«Փրկարար ծառայության կողմից հրավերներ են ուղարկվել միջազգային փորձագետներին՝ Հայաստանի Հանրապետություն այցելելու, կարողությունների գնահատում իրականացնելու, փորձով կիսվելու և անհրաժեշտ տեխնիկական միջոցների հագեցվածության գնահատում իրականացնելու համար»,- նշել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը։

Շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ աշխատաժողովներ անցկացնելու նպատակով մարտի 30-ից Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը։ Կարիքների գնահատում իրականացնելու համար խումբն այցելելու է նաև համաժողովի անցկացման հիմնական վայրեր։

 

Աշխատաժողովների օրակարգում են միջուկային անվտանգության միջոցառումների պլանավորման, նախապատրաստման և ռիսկերի գնահատման հարցեր։ Մասնակիցներին ներկայացվել են համապատասխան տեխնիկական միջոցների կիրառման առանձնահատկություններն ու մարդկային ռեսուրսների արդյունավետ ներգրավման մեխանիզմները․ փորձագետները կիսվել են Մարոկկոյում, Սաուդյան Արաբիայում և Ֆրանսիայում խոշոր միջոցառումների ժամանակ կիրառվող անվտանգության ապահովման մոդելներով։

 

Նման ձևաչափով հանդիպումների և միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը շարունակում է ամրապնդել կարողությունները՝ ապահովելու COP17 համաժողովի անվտանգ և արդյունավետ անցկացումը», - ամփոփել են Հայաստանի ՆԳՆ-ում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին Կալիում ՄԱԿ Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է կողմերի 17-րդ համաժողովը հյուրընկալող երկիր։

 

 ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան երեք հիմնական միջազգային բնապահպանական կոնվենցիաներից մեկն է, որն ուղղված է շրջակա միջավայրի կայունության ապահովման, կենսաբանական բազմազանության պահպանման, էկոհամակարգերի վերականգնման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի կարգավորմանը: Կոնվենցիայի կողմերի համաժողովները բնապահպանական խոշորագույն միջոցառումներից են, որոնք տեղի են ունենում յուրաքանչյուր երկու տարին մեկ, և որոնց ընթացքում մասնակից երկրները մշակում են Կոնվենցիայի դրույթների իրականացման մեխանիզմներ և ստանձնում նոր պարտավորություններ՝ բնական ռեսուրսների պաշտպանությունն ուժեղացնելու համար: