
Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ավագ գործադիր փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին: Հանդիպմանը մասնակցել են նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ջրամատակարարման որակի բարձրացման, կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև խմելու ջրի համակարգերի բարելավման վերաբերյալ:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդյունավետ և կառուցողական համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը։
Հիշեցնենք, որ "Վեոլիա Ջուր" ընկերությունը՝ Երևանում և Հայաստանի մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման միասնական օպերատորը, ֆրանսիական Veolia Generale des Eaux-ի դուստր ձեռնարկությունն է: Ընկերությունը համակարգը ղեկավարում է 2017 թվականից՝ 15 տարվա վարձակալության պայմանագրի հիման վրա: