Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2026 12:41
Ալինա Հովհաննիսյան

ՏԿԵ նախարարությունում վստահ են․ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը կավարտվի 2027 թվականին

ՏԿԵ նախարարությունում վստահ են․ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը կավարտվի 2027 թվականին

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ 

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն,  հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին։ 

 

Քրիստինե Ղալեչյանը ընդգծել է, որ ծրագրում գործադրված ջանքերի և իրանական ընկերության ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետներում՝ 2027թ․–ին։

 

Նշենք, որ Սյունիքի մարզում Քաջարան-Ագարակ 32-կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնում է իրանական կոնսորցիումը, մասնավորապես "Abad Rahan Pars International Group and Tunnel Sadd Ariana" ընկերությունը: Նախագիծը "Հյուսիս-Հարավ" միջանցքի առանցքային մասն է ՝ ապահովելով շինարարության բարձր արագություն։

 

Մարտի վերջին ՀՀ Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հաղորդել է, որ արդեն կատարվել է աշխատանքների 45 տոկոսը: Մասնավորապես, ավարտվել են երկու թունելների հորատման աշխատանքները, 15 կամուրջներից 14-ի վրա ակտիվ աշխատանքներ են ընթանում։

 

Նախատեսվում է, որ ճանապարհի տվյալ հատվածը շահագործման կհանձնվի 2027 թվականի վերջին կամ 2028 թվականի սկզբին՝ կախված եղանակային պայմաններից։