
Արմինֆո. Team Telecom Armenia ընկերությունն ամբողջությամբ փոխարինել է 2G ցանցը Հայաստանում՝ դառնալով տարածաշրջանի առաջին օպերատորը, որն իրականացրել է նման պատմական վերափոխում հեռահաղորդակցության ոլորտում:
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, այս լայնածավալ ծրագրի արդյունքում Team Telecom Armenia-ի ավելի քան 1000 բազային կայաններ այժմ աշխատում են բացառապես ժամանակակից տեխնոլոգիաներով՝ բաժանորդներին ապահովելով առավել հուսալի, անվտանգ ու բարձր արագությամբ շարժական կապ և ինտերնետ հասանելիություն:
Միաժամանակ, ծառայությունների անխափան մատուցումն ապահովելու նպատակով, ընկերությունը հնարավորություն է ընձեռել փոխարինել սարքավորումները այն բաժանորդներին, ովքեր նախագծի մեկնարկից առաջ երեք ամսվա ընթացքում օգտվել են բացառապես 2G հնարավորությամբ հեռախոսներից: Այս պահին այդ առաջարկից օգտվել է ավելի քան 20 հազար բաժանորդ, և այդ հնարավորությունը դեռևս հասանելի է:
Ավելի քան 30 տարի ծառայած երկրորդ սերնդի ցանցի փոխարինման արդյունքում ազատված հաճախականությունները, ենթակառուցվածքները, սարքավորումներն ու ռեսուրսներն այժմ օգտագործվում են Հայաստանի ողջ տարածքում ժամանակակից 4G և 5G ցանցերի ծածկույթն ընդլայնելու համար:
«Ուրախությամբ եմ նշում, որ Team-ի հետ միասին մենք առաջինն ենք ողջ Կովկասյան տարածաշրջանում ստանձնել հեռահաղորդակցության ոլորտի կարևոր պատմական էջը փակելու պատասխանատվությունը և իրականացրել անցումը նոր տեխնոլոգիաների: Այս առանցքային փոփոխությունը թույլ տվեց ոչ միայն արդիականացնել շարժական կապի ենթակառուցվածքը, այլև բարձրացնել ծառայությունների թվային անվտանգությունը», - նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Ըստ աղբյուրի՝ նոր տեխնոլոգիաներին անցումը բաժանորդներին հնարավորություն է տալիս ոչ միայն միաժամանակ օգտվել ձայնային և ինտերնետ ծառայություններից, այլև զգալիորեն բարձրացնում է ցանցի էներգաարդյունավետությունն ու թվային անվտանգության մակարդակը՝ ապահովելով ավելի ժամանակակից, հասանելի և կայուն կապ Հայաստանի ողջ տարածքում:
Նշենք, որ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (բրենդը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որն առաջատար դիրքեր է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Հանդիսանալով Հայաստանի առաջին հեռահաղորդակցության ցանցի ժառանգորդը՝ ընկերությունն ունի այս ոլորտում ծառայությունների մատուցման 100-ամյա պատմություն: Հարուստ փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրման շնորհիվ Team-ը հուսալի և նորարարական ծառայություններ է մատուցում ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:
Team Telecom Armenia-ի նպատակն է բարձրորակ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցել Հայաստանի բոլոր բնակիչներին: Այս նպատակին հասնելու համար ընկերությունը մշտապես արդիականացնում և վերազինում է շարժական և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, ինչը նաև բարձրացնում է Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը: