
Արմինֆո. Էստոնիայի՝ ESTDEV (Estonian Centre for International Development) և Visionest ինստիտուտի աջակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեկնարկել է արտահանման խթանման նոր ծրագիր:
Ինչպես ասվում է ESTDEV կայքում, ծրագիրը նպատակաուղղված է արտահանման պլանավորման ուսուցմանը և մենթորական աջակցությանը: Շահառու ընկերությունները ծրագրի շրջանակներում մշակում են իրենց արտահանմանն ուղղված բիզնես-ծրագրերը՝ օգտագործելով արհեստական բանականության վրա հիմնված թվային գործիքներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև՝ միջազգային մենթորների աջակցությամբ: Բացի այդ, ընդլայնվում է հայկական ընկերությունների և էստոնական կազմակերպությունների միջև գործարարության աջակցման շուրջ համագործակցությունը։
Ծրագրի մեկնարկի կապակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը կարևորել է Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը ՝ այն որակելով որպես փոխադարձ վստահության, բարեփոխումների համատեղ հանձնառության, ինչպես նաև մրցունակության և նորարարության վրա հիմնված գործընկերություն: Նա նաև ողջունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանատան բացումը, վստահություն հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին և կնպաստի նոր հնարավորությունների բացահայտմանը, մասնավորապես ՝ պետական թվային ծառայությունների և տվյալների կառավարման, կիբեռանվտանգության, բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների, ինչպես նաև արտահանման զարգացման և շուկաների դիվերսիֆիկացման ոլորտներում:
Ավետյանը նշել է, որ Հայաստանի համար արտահանման խթանումը ոչ միայն տնտեսական առաջնահերթություն է, այլև գլոբալ շուկաներում դիրքավորվելու և տնտեսական կայունություն ապահովելու առանցքային գործոն: "Դա նպաստում է ընկերությունների զարգացմանը, նորարարությունների ներդրմանը, նոր բիզնես մոդելների կիրառմանը եւ արտահանման շուկաների ընդլայնմանը", - ասել է փոխնախարարը: Այս համատեքստում նա բարձր է գնահատել ծրագրի իրականացմանն աջակցող էստոնացի գործընկերների, այդ թվում՝ Visionest ինստիտուտի ներդրումը, ընդգծելով, որ նման նախաձեռնությունները գործնական հնարավորություններ են ստեղծում հայկական բիզնեսի համար։
Ավետյանը նշել է, որ զարգացման գործընկերների աջակցությունն առավել արդյունավետ է այն դեպքում, երբ այն համաձայնեցված է Հայաստանի ազգային առաջնահերթությունների հետ, ունի գործնական ուղղվածություն և չափելի արդյունքներ է ապահովում բիզնեսի համար:
ESTDEV կայքում ասվում է, որ Հայաստանում գործում է ընդամենը 272 արտահանող ընկերություն, ինչը շատ փոքր ցուցանիշ է ինչպես բացարձակ թվերով, այնպես էլ միջազգային համեմատության մեջ (համեմատության համար նշենք, որ 2024 թվականին Էստոնիայում կար ավելի քան 14 000 արտահանող ընկերություն) ։ "Սա վկայում է ոչ միայն արտասահմանյան շուկաներում ընկերությունների պակասի մասին, այլեւ արտահանման սահմանափակ փորձի, հմտությունների եւ կապերի մասին ամբողջ տնտեսության մեջ", - նշված է աղբյուրում:
ՀՀ մաքսային ծառայության տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Էստոնիա արտահանված ապրանքների մաքսային արժեքը գրեթե 2 անգամ նվազել է ՝ կազմելով 267.2 հազար դոլար։
Էստոնիայից Հայաստան ներկրված ապրանքների մաքսային արժեքն աճել Է 7,8% - ով ՝ մինչեւ 1,2 մլն դոլար։