
Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2026 թվականի համար Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 5,3% աճ (2025թ. 7,2%-ի դիմաց), իսկ 2027 թվականին տեմպերի արագացում՝ մինչև 5,5%: Այս մասին նշված է ԱՄՀ ապրիլյան «Համաշխարհային տնտեսական ակնարկ. Համաշխարհային տնտեսությունը պատերազմի ստվերում» զեկույցում:
Գնաճը Հայաստանում, ԱՄՀ սպասումներով, 2026 թվականին կարագանա մինչև 3,6% (2025թ. 3,3%-ից), սակայն այնուհետև՝ 2027 թվականին, կնվազի մինչև 3,4% (թիրախային 3%-ի դիմաց, +/- 1 տոկոսային կետ):
Գործազրկության մակարդակը Հայաստանում, ըստ ԱՄՀ կանխատեսման, կշարունակի նվազել՝ 2025 թվականի 13%-ից հասնելով 12,8%-ի՝ 2026թ.-ին և 12,7%-ի՝ 2027թ.-ին:
Ընթացիկ հաշվի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ին, ԱՄՀ սպասումների համաձայն, կնվազի 2025 թվականի 6,7%-ից մինչև 6%՝ 2026թ.-ին և կշարունակի նվազման միտումը՝ հասնելով 5,2%-ի 2027 թվականին:
Հայաստանի հարևան երկրների համար ԱՄՀ 2026-2027թթ. կանխատեսումները հետևյալն են. Վրաստանում՝ ՀՆԱ-ի աճ՝ 5,3-5% (2025թ. 7,5%-ի դիմաց), գնաճ՝ 4,4-3% (2025թ. 3,9%-ի դիմաց), գործազրկության մակարդակ՝ 13,9% (անփոփոխ) և ընթացիկ հաշվի դեֆիցիտի հարաբերակցության աճ ՀՆԱ-ի նկատմամբ մինչև 5-4,5% (2025թ. 2,6%-ից): Ադրբեջանում՝ ՀՆԱ-ի աճ՝ 2,2-2,5% (2025թ. 1,4%-ի դիմաց), գնաճ՝ 6-5,1% (2025թ. 5,6%-ի դիմաց), գործազրկության մակարդակ՝ 5,3-5,2% (2025թ. 5,3%-ի դիմաց) և ընթացիկ հաշվի պրոֆիցիտի հարաբերակցության աճ ՀՆԱ-ի նկատմամբ մինչև 9,7-5,4% (2025թ. 5,5%-ից): Թուրքիայում՝ ՀՆԱ-ի աճ՝ 3,4-3,5% (2025թ. 3,6%-ի դիմաց), գնաճի նվազում մինչև 28,6-21,4% (2025թ. 34,9%-ից), գործազրկության մակարդակ՝ 8,3-8,7% (2025թ. 8,3%-ի դիմաց) և ընթացիկ հաշվի դեֆիցիտի հարաբերակցության աճ ՀՆԱ-ի նկատմամբ մինչև 2,8-2,5% (2025թ. 1,9%-ից): Իրանում, ԱՄՀ կանխատեսմամբ, տնտեսական անկումը 2026 թվականին կարագանա մինչև 6,1% (2025թ. 1,5%-ից), որից հետո 2027 թվականին կնկատվի 3,2% աճ: Առանց այդ էլ բարձր գնաճը 2025թ. 50,9%-ից 2026 թվականին կհասնի 68,9%-ի, որից հետո 2027 թվականին կնվազի մինչև 39,6%: Գործազրկության մակարդակը կբարձրանա մինչև 9,2-9% (2025թ. 8%-ից), իսկ 2025 թվականին արձանագրված ընթացիկ հաշվի 0,6% պրոֆիցիտը 2026 թվականին կվերածվի 1,8% դեֆիցիտի, որը 2027 թվականին կկրճատվի մինչև 0,2%:
Ռուսաստանում ԱՄՀ-ն 2026-2027թթ. համար կանխատեսում է ՀՆԱ-ի շատ ցածր աճ՝ 1,1-1% մակարդակում (2025թ. 1%-ի դիմաց), գնաճի նվազում մինչև 5,6-4,3% (2025թ. 8,7%-ից), գործազրկության մակարդակի բարձրացում մինչև 2,4-2,6% (2025թ. 2,2%-ից), ինչպես նաև ընթացիկ հաշվի պրոֆիցիտի աճ մինչև ՀՆԱ-ի 2,9-2,3%-ը (2025թ. 1,6%-ից): Բելառուսում ԱՄՀ-ն 2026-2027թթ. համար կանխատեսում է ՀՆԱ-ի նմանատիպ աճ՝ 1,2-1% (2025թ. 1,3%-ի դիմաց), գնաճի նվազում մինչև 6,4-6,2% (2025թ. 6,6%-ից), գործազրկության մակարդակի պահպանում 2,9% շեմին, ինչպես նաև ընթացիկ հաշվի դեֆիցիտի աճ մինչև ՀՆԱ-ի 2,7-3,4%-ը (2025թ. 2,6%-ից): Մինչդեռ Ուկրաինայում, որտեղ արդեն հինգերորդ տարին է ընթանում պատերազմը (2022թ. փետրվարի 24-ից), ԱՄՀ-ն 2026-2027թթ. կանխատեսում է ՀՆԱ-ի ավելի նկատելի աճ՝ 2-3,5% (2025թ. 1,8%-ի դիմաց), գնաճի նվազում մինչև 6,1-7,7% (2025թ. երկնիշ 12,7%-ից), գործազրկության մակարդակի նվազում 2025թ. 11,6%-ից մինչև 10,2%՝ 2026թ.-ին, սակայն այնուհետև բարձրացում մինչև 12%, ինչպես նաև ընթացիկ հաշվի դեֆիցիտի աճ 2026 թվականին մինչև ՀՆԱ-ի 18,9%-ը (2025թ. 15%-ից)՝ 2027 թվականին հետագա նվազմամբ մինչև ՀՆԱ-ի 16,6%-ը:
Ընդհանուր առմամբ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար ԱՄՀ-ն 2026-2027թթ. կանխատեսում է տնտեսական աճի դանդաղում մինչև 4,8-4,5% (2025թ. 6,2%-ից), գնաճի նվազում մինչև 8-7,2% (2025թ. 8,4%-ից), ինչպես նաև ընթացիկ հաշվի դեֆիցիտի նվազում 2027 թվականին մինչև ՀՆԱ-ի 1,6%-ը (2025թ. 2,2%-ից):
ԱՄՆ-ում, ըստ ԱՄՀ 2026-2027թթ. կանխատեսման, տնտեսական աճը գրեթե անփոփոխ կմնա 2,3-2,1% մակարդակում (2025թ. 2,1%-ի դիմաց), գնաճը նախ կբարձրանա մինչև 3,2% (2025թ. 2,7%-ից), սակայն այնուհետև կնահանջի մինչև 2,1%: Գործազրկության մակարդակը, 4,4% բարձրանալուց հետո (2025թ. 4,3%-ից), կնվազի մինչև 4,2%, իսկ ընթացիկ հաշվի դեֆիցիտը գրեթե չի փոփոխվի՝ կազմելով ՀՆԱ-ի 3,7-3,6%-ը (2025թ. 3,6%-ի դիմաց): Եվրոպայում ԱՄՀ-ն 2026-2027թթ. համար կանխատեսում է տնտեսական աճի չնչին փոփոխություն՝ 1,4-1,6% մակարդակում (2025թ. 1,6%-ի դիմաց), գնաճի նվազում մինչև 5,4-4,3% (2025թ. 6,2%-ից) և ընթացիկ հաշվի պրոֆիցիտի նվազում մինչև ՀՆԱ-ի 1,3-1,4% (2025թ. 1,6%-ից), իսկ գործազրկության մակարդակը եվրոգոտում կնվազի մինչև 6,2-6,1% (2025թ. 6,3%-ից): Չինաստանում, ըստ ԱՄՀ 2026-2027թթ. կանխատեսման, ՀՆԱ-ի աճը կդանդաղի մինչև 4,4-4% (2025թ. 5%-ից), գնաճը կարագանա մինչև 1,2-1,5% (2025թ. զրոյական մակարդակից), գործազրկության մակարդակը կպահպանվի 5,1% շեմին, իսկ ընթացիկ հաշվի պրոֆիցիտը կնվազի մինչև ՀՆԱ-ի 3,5-3,3% (2025թ. 3,7%-ից):
Հերթական փորձությունը ստուգում է համաշխարհային տնտեսության կայունության ամրությունը
Իր զեկույցում ԱՄՀ-ն նշում է. «Համաշխարհային տնտեսությունը մինչ օրս դիմակայել է մի շարք ցնցումների, սակայն հերթական փորձությունը՝ այս անգամ փետրվարի վերջից Մերձավոր Արևելքը համակած ռազմական հակամարտությունը, ստուգում է այդ կայունության ամրությունը: Սա դարձավ վերջին տարիների մի շարք իրադարձությունների գագաթնակետը, որոնք վերակառուցում են միջազգային հարաբերությունները և զգալիորեն ուժեղացնում աշխարհաքաղաքական լարվածությունը բոլոր տարածաշրջաններում: Հակամարտությունն արդեն իսկ հանգեցրել է մարդկային կորուստների, վնաս հասցրել կրիտիկական նշանակության ենթակառուցվածքներին և լուրջ խաթարել ծովային ու օդային հաղորդակցությունը տուժած տարածաշրջանում: Աշխարհի երկրների տնտեսությունները բախվում են հետևանքների հետ՝ հումքային ապրանքների գների աճի ուղղակի ազդեցության, գնաճային սպասումների վրա անուղղակի երկրորդային հետևանքների (որոնք հատկապես զգայուն են էներգակիրների և սննդամթերքի գների նկատմամբ), ինչպես նաև ֆինանսական շուկաներում ռիսկերից խուսափելու պատճառով առաջացած ուժեղացման էֆեկտի տեսքով: Զարգացող երկրները և ձևավորվող շուկաներով երկրները, որոնք հումք են ներմուծում, ամենաշատը տուժելու վտանգի տակ են. նրանց արժույթների արժեզրկումը խորացնում է էներգիայի և սննդամթերքի բարձր գների ազդեցությունը: Համաշխարհային տնտեսության վրա ունեցած ազդեցությունը վճռորոշ չափով կախված կլինի հակամարտության տևողությունից, ինտենսիվությունից և մասշտաբներից, որոնք իրենց բնույթով անկանխատեսելի են: Այս նոր ցնցումը տեղի ունեցավ ԱՄՆ առևտրային քաղաքականության փոփոխությունից մեկ տարի էլ չանցած, և անցումը միջազգային առևտրի նոր համակարգին դեռ շարունակվում է: Ներկա իրավիճակը խթանել է աճող թվով երկրների՝ ավարտին հասցնելու վաղեմի առևտրային բանակցությունները կամ ստեղծելու նոր գործընկերություններ՝ միմյանց միջև տնտեսական կապերն ամրապնդելու համար, ինչպիսին է ԵՄ-ի և MERCOSUR-ի (Հարավամերիկյան ընդհանուր շուկա) միջև համաձայնագիրը (խմբ.՝ ազատ առևտրի գործարքը): Այս իրադարձությունների ֆոնին անորոշությունը, թեև ցածր է 2025 թվականի պիկային արժեքներից, դեռևս մնում է պատմականորեն բարձր մակարդակի վրա: Առաջիկա ամիսներին մի քանի «բեկումնային կետեր» կարող են հրահրել նոր թռիչքներ»:
ԱՄՀ-ն ակնկալում է, որ խոշորագույն իրավասություններում դրամավարկային քաղաքականության տարբերակումը կպահպանվի. ԱՄՆ-ում կանխատեսվում է հիմնական դրույքաչափի աստիճանական նվազում, որը 2027 թվականի վերջին կմոտենա 3,1%-ի: Եվրոգոտում սպասվում է հիմնական դրույքաչափի բարձրացում 50 բազիսային կետով 2026 թվականի ընթացքում:
ԱՄՀ-ն հրավիրում է ուշադրություն այն փաստի վրա, որ կանխատեսումները հաշվի են առնում Իրանում պատերազմի ազդեցությունը՝ ելնելով այն ենթադրությունից, որ հակամարտությունը կտևի ևս մի քանի շաբաթ, ինչից հետո կսկսվի աստիճանական վերականգնում, որի արդյունքում խափանումները կվերանան, իսկ տարածաշրջանից արտադրությունն ու արտահանումը կնորմալանան մինչև 2026 թվականի կեսերը: Ենթադրվում է, որ հարկաբյուջետային և առևտրային քաղաքականությունն իրենց ներկայիս տեսքով կմնան անփոփոխ կանխատեսվող ողջ ժամանակահատվածում: Սակայն առևտրային և այլ տնտեսական քաղաքականությունները, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրադարձությունները ներառող անորոշությունը բարձր կմնա մինչև 2027 թվականի վերջը:
Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկն իր մարտյան կանխատեսման մեջ 2026 թվականի համար նախատեսում էր ՀՆԱ-ի 7,1-4,7% աճ, իսկ 2027 թվականին՝ 5,7-5,3%: Fitch Ratings-ը սույն թվականի հունվարին թարմացված կանխատեսմամբ ակնկալում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարներ՝ 2026-2027 թվականներին 5%-ից բարձր: S&P Global Ratings-ը սույն թվականի փետրվարին թարմացված զեկույցում կանխատեսել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի դանդաղում 2026 թվականին մինչև 5,3% և 2027 թվականին մինչև 4,8%, որից հետո 2028 թվականին տեմպերը փոքր-ինչ կարագանան մինչև 5%: Ասիական զարգացման բանկը սույն թվականի ապրիլին Հայաստանի համար 2026 թվականին կանխատեսել է ՀՆԱ-ի 5,5% աճ, իսկ 2027 թվականին տեմպերի արագացում մինչև 5,7%: Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագծում դրված է ՀՆԱ-ի 5,4% աճ:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը, 2022 թվականին տեմպերի 5,8%-ից մինչև 12,6% արագացումից հետո, 2023 թվականին դանդաղել է մինչև 8,3%, իսկ 2024 թվականին՝ մինչև 5,9%: Դրանից հետո՝ 2025 թվականին, տեմպերն արագացել են մինչև 7,2%, և բացարձակ արտահայտությամբ ՀՆԱ-ն կազմել է 11,318 տրլն դրամ (ավելի քան 29,2 մլրդ դոլար): ՀՆԱ-ի դեֆլյատորի ինդեքսը նույնպես, 2022 թվականին 106,9%-ից մինչև 108% աճից հետո, 2023 թվականին նվազել է մինչև 103,1%, իսկ 2024 թվականին՝ մինչև 101,4%, սակայն արդեն 2025 թվականին բարձրացել է մինչև 103,6%: