Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026 15:54
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները R&D-ի, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները R&D-ի, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում

Արմինֆո. Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները R&D-ի (հետազոտություն և մշակում), բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում։ Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով գերատեսչության ղեկավար Մխիթար Հայրապետյանի և Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիի հանդիպման արդյունքներին։

Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև ընդգծել են եգիպտական կողմի ակտիվ մասնակցության կարևորությունը հունիսի 3-4-ը Հայաստանում նախատեսված Research Innovation Science Engineering (RISE) ցուցահանդեսին։ Համագործակցության խորացման և փորձի փոխանակման համատեքստում նշվել է նաև փոխադարձ այցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը փոխգործակցության հետևողական զարգացմանը, որն ուղղված է երկկողմ օրակարգի խորացմանը և նոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ Նրանք բարձր են գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով դրանք գործնական փոխշահավետ նախագծերի վերածելու զգալի ներուժը։

Ըստ աղբյուրի՝ Հայրապետյանը հյուրին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բազմապրոֆիլ ծրագրերը, միջոցառումներն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։ Այս համատեքստում նա անդրադարձել է Seaside Startup Summit միջոցառման հաջողված մոդելին, TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև Հրազդանում Firebird AI ընկերության կողմից արհեստական բանականության ոլորտի տվյալների մշակման կենտրոնի շինարարության ընթացքին՝ ընդգծելով այդ հարթակներում համագործակցության հեռանկարները։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։