Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 11:07
Ալեքսանդր Ավանեսով

Երևանում մեկնարկել է Plug and Play միջազգային ստարտափների աջակցության ծրագրի երրորդ փուլը

Երևանում մեկնարկել է Plug and Play միջազգային ստարտափների աջակցության ծրագրի երրորդ փուլը

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ իրականացվող Plug and Play միջազգային ստարտափների աջակցության ծրագրի երրորդ փուլը մեկնարկել է Երևանում:

Ինչպես հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը, միջոցառմանը մասնակցել են Մխիթար Հայրապետյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային մենթորներ և ստարտափ էկոհամակարգի հիմնական դերակատարներ։

Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Հայրապետյանը շնորհավորել է նրանց ծրագրի մեկնարկի կապակցությամբ և ընդգծել նման նախաձեռնությունների կարևոր դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում։

Ծրագրի միջոցով ընտրված 18 ստարտափները կմասնակցեն եռամսյա նախնական աքսելերացիայի փուլին, որի նպատակն է կատարելագործել իրենց գաղափարները և պատրաստել դրանք միջազգային շուկաներին: Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատել փորձառու միջազգային մենթորների հետ, ձեռք բերել գործնական գիտելիքներ և կապեր, ինչպես նաև միանալ Plug and Play-ի համաշխարհային ցանցին: Նախա-աքսելերացիոն փուլում ընդգրկված են հետևյալ ստարտափները՝ Bleenk, FIGURINGS, Empy.ai, Tedly, abda AI, Inc., SafeGround Technologies, Salute AI, LexAI, Uray Technologies, Ethery Tech, JAN DIGITRUST, RUXEN, Megaladata, AgenticFi, BeeSync, Dhomie, Muvia Inc. և BeautyFlo B.V.

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Plug and Play-ի միջև գործընկերության շրջանակներում 2024 թվականից ի վեր հաջողությամբ իրականացվել են ծրագրի երկու փուլեր, որոնցում ներգրավված է մոտ 40 ստարտափ։ Նախաձեռնության հիմնական նպատակներն են զարգացնել հայկական ստարտափ էկոհամակարգը, ընդլայնել միջազգային կապերը և շարունակաբար բարելավել տեղական թիմերի մրցունակությունը։