
Արմինֆո. Հայաստանի ձկնարտադրողներն ու արտահանողները մասնակցել են Բարսելոնայում կայացած Seafood Expo Global / Seafood Processing Global 2026 ծովամթերքի առաջատար միջազգային ցուցահանդեսին:
Հայաստանյան ընկերությունները հնարավորություն են ստացել ուսումնասիրել ԵՄ շուկայի միտումներն ու գնորդների ակնկալիքները, հանդիպումներ անցկացնել դիստրիբյուտորների, առևտրային ընկերությունների և ոլորտի մասնագետների հետ։ Նրանք ծանոթացել են նոր ապրանքատեսակներին, նորարարություններին և սպառողական տենդենցներին, ավելի լավ են պատկերացրել որակի, փաթեթավորման և սերտիֆիկացման պահանջները, համեմատել են իրենց արտադրանքն ու փորձը միջազգային մրցակիցների հետ, ինչպես նաև գործնական պատկերացում են կազմել Եվրոպայում ձկնամթերքի ներմուծման, խթանման և վաճառքի գործընթացների մասին:
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում նշել է Միջազգային առևտրի կենտրոնի (International Trade Center) ներկայացուցիչ Լիլիթ Ապուջանյանը, հայ արտադրողները այցելել են Mercabarna շուկա՝ տարածաշրջանի խոշորագույն մեծածախ պարենային շուկաներից մեկը, որտեղ ծանոթացել են ձկան բաշխման ուղիներին և հանդիպումներ ունեցել մեծածախ վաճառողների հետ: Պատվիրակությանն ուղեկցել են նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները՝ նպատակ ունենալով նպաստել պետական և մասնավոր հատվածների համագործակցության ամրապնդմանը և ԵՄ արտահանման գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը:
Նախաձեռնությունն իրականացվել է Միջազգային առևտրի կենտրոնի կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Business ծրագրի շրջանակներում։ Նպատակն է աջակցել հայ արտադրողներին արտահանման պատրաստվածության բարձրացման և ԵՄ շուկա մուտք գործելու նոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման հարցում:
Նշենք, որ Seafood Expo Global-ը ծովամթերքի աշխարհի ամենախոշոր միջազգային ցուցահանդեսն է, որը համախմբում է արտադրողներին, մատակարարներին և գնորդներին ամբողջ աշխարհից՝ գործարար կապերի հաստատման, շուկայական միտումների ուսումնասիրման և արտահանման ընդլայնման համար:
Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին հայկական ձկնարդյունաբերությունը մուտքի հնարավորություն ստացավ դեպի եվրոպական շուկա։ Նման հնարավորությունը սահմանվել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՄ) 2025/354 կանոնակարգի համաձայն՝ պայմանով, որ արտահանող օպերատորները պետք է գրանցված լինեն ԵՄ «TRACES» համակարգում։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանի ձկնորսության համախառն արտադրանքն աճել է 3,7%-ով և կազմել 71,6 մլրդ դրամ։ Ձկնաբուծության որսը կազմել է 28 հազար տոննա՝ 2024 թվականի վերջի 27 հազար տոննայի դիմաց։