Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026 00:13
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ ՊԵԿ-ը գործարկել է ExIm հարթակը՝ արտաքին առևտրի դյուրացման նպատակով

ՀՀ ՊԵԿ-ը գործարկել է ExIm հարթակը՝ արտաքին առևտրի դյուրացման նպատակով

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) տեղի է ունեցել ExIm տեղեկատվական հարթակի պաշտոնական գործարկումը, որն իրականացվել է ՊԵԿ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի կառավարության աջակցությամբ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով՝ Առևտրի դյուրացման մասին համաձայնագրի պահանջներին համապատասխան:

Հարթակն իրենից ներկայացնում է թվային լուծումների հիման վրա ստեղծված միասնական տեղեկատվական համակարգ՝ նախատեսված արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների համար, որը նպաստում է արտահանման և ներմուծման գործընթացների կանխատեսելիության և արդյունավետության բարձրացմանը:

ExIm-ն աշխատում է «մեկ պատուհանի» սկզբունքով՝ մեկ տեղում համախմբելով ԱՏԳ-ին առնչվող ողջ տեղեկատվությունը: Սա նշանակում է, որ բիզնեսը կարող է ստանալ արտահանման, ներմուծման և տարանցիկ ընթացակարգերի վերաբերյալ անհրաժեշտ տվյալները համակարգված և հասկանալի ձևաչափով՝ առանց տարբեր պետական մարմիններում և աղբյուրներում տեղեկատվություն փնտրելու անհրաժեշտության: Հարթակը հասանելի է երեք լեզվով:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ հարթակի գործարկումը կարևոր քայլ է թվային տրանսֆորմացիայի և միջազգային համագործակցության զարգացման ճանապարհին: Նրա խոսքով՝ տեսլականի հիմքում ընկած է Հայաստանը որպես տարածաշրջանային և գլոբալ տեխնոլոգիական ու լոգիստիկ հաբ դիրքավորելու հավակնոտ նպատակը: Նա ընդգծել է ձգտումը՝ ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ մաքսային և հարկային գործընթացների թվայնացումն ու ինտեգրումը կվերացնեն արհեստական պատնեշները և կապահովեն անհպում, թափանցիկ ու կանխատեսելի միջավայր: Ըստ Հակոբյանի՝ ExIm-ն այս մոտեցման գործնական մարմնավորումն է և համապատասխանում է Առևտրի դյուրացման մասին համաձայնագրի (TFA) սկզբունքներին՝ վերացնելով տեղեկատվական պատնեշները: Նա նաև հավելել է, որ մաքսային համագործակցության արդիականացման աշխատանքները շարունակական կլինեն, իսկ ExIm-ը միայն առաջին փուլն է, որը այլ բարեփոխումների հետ մեկտեղ հիմք է դնում մաքսային վարչարարության մեջ արհեստական բանականության գործիքների ներդրման համար: