
Արմինֆո. Ընթացիկ տարվա օգոստոսից տեղի կունենա Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչի ռոտացիա. ներկայացուցչության ղեկավարի պաշտոնը կստանձնի Նատալյա Նովտան:
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ԱՄՀ նոր ներկայացուցիչը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է ներկայացվել ներկայացուցչության գործող ղեկավար Ումանգ Ռավատի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԱՄՀ պահուստային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները: Մտքեր են փոխանակվել նաև հարկային քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Փոխվարչապետը շնորհավորել է Նատալյա Նովտային նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել այդ պատասխանատու պաշտոնում:
Նշենք, որ սույն թվականի ապրիլի 18-ին ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացրել էր ԱՄՀ-ի հետ եռամյա Պահուստային համաձայնագրի առաջին վերանայման արդյունքների համաձայնեցման մասին, որը Հայաստանը շարունակում է դիտարկել որպես կանխարգելիչ գործիք՝ ուղղված մակրոտնտեսական կայունության պահպանմանը և կայուն տնտեսական աճի ապահովմանը: ԿԲ-ում ընդգծել են, որ ԱՄՀ-ն առաջնահերթություն է տալիս Հայաստանում մակրոտնտեսական կայունության պահպանմանը՝ խելամիտ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համադրման միջոցով: Միաժամանակ, ԱՄՀ-ն շեշտում է ֆինանսական հատվածի նկատմամբ պրուդենցիալ վերահսկողության, կարգավորման և հսկողության մեխանիզմների հետագա ամրապնդման կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամությունը՝ արձագանքելու արտաքին անորոշության հետ կապված փոփոխվող ռիսկերին: Այս ջանքերն ուղղված են կայուն տնտեսական աճի աջակցմանը՝ միաժամանակ բարձրացնելով դիմակայունությունը գնաճային ճնշումների, համաշխարհային ֆինանսական պայմանների խստացման և տարածաշրջանային աշխարհաքաղաքական ցնցումների նկատմամբ:
Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որից հետո Հայաստանին կտրամադրվի լրացուցիչ 25,3 մլն դոլար: Ծրագիրը կշարունակի բարեփոխումները՝ ուղղված տնտեսական կայունության ամրապնդմանը և երկարաժամկետ աճի խթանմանը:
Նատալյա Նովտան տնտեսագետ է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետազոտական դեպարտամենտում, որտեղ աշխատում է «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» (World Economic Outlook) զեկույցի վրա։ Նախկինում նա աշխատել է Արևմտյան կիսագնդի և հարկաբյուջետային հարցերի դեպարտամենտներում:
Նախքան Հիմնադրամին միանալը, նա աշխատել է Սերբիայի հարկաբյուջետային խորհրդում, Սերբիայի ֆինանսների նախարարությունում և Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյում (NBER): Նա ունի տնտեսագիտության թեկնածուի (PhD) գիտական աստիճան Նյու Յորքի համալսարանից և բակալավրի աստիճան Հարվարդի համալսարանից:
Նրա հետազոտությունները կենտրոնացած են տնտեսական զարգացման, հակամարտությունների, կլիմայի փոփոխության, առևտրային հոսքերի և պետական հատվածի զբաղվածության վրա: Նրա աշխատանքները հրապարակվել են այնպիսի հեղինակավոր պարբերականներում, ինչպիսիք են՝ Quarterly Journal of Economics, Journal of the European Economic Association, Journal of Conflict Research և International Tax and Public Finance: