Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026 11:49
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում ձեռնամուխ են եղել երկրի առևտրային բանկերի հարկման փոփոխության հարցի լուծմանը

Հայաստանում ձեռնամուխ են եղել երկրի առևտրային բանկերի հարկման փոփոխության հարցի լուծմանը

Արմինֆո. Հայաստանում ձեռնամուխ են եղել երկրի առևտրային բանկերի սեփականատերերի հարկման փոփոխության հարցի լուծմանը։ ՀՀ կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հավանություն է տվել Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններին։ 

Ներկայացնելով փոփոխությունները՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ ներկայումս բանկերի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների և տրանզակցիաների ճնշող մեծամասնությունն ազատված է ԱԱՀ-ից, ինչը միջազգայնորեն ճանաչված մոտեցում է։ Աշխարհի տարբեր պետություններ գնում են այլ ճանապարհով՝ ԱԱՀ-ի փոխարեն ձևավորելով այլ կառուցվածքային լուծումներ։ Տարածված է, օրինակ, շահութահարկի դրույքաչափի բարձրացումը միայն բանկային ոլորտի համար, սակայն կան նաև այլ լուծումներ՝ կապված հատուկ տեսակի հարկերի կիրառման հետ, որոնցից ամենատարածվածը ֆինանսական գործունեության կամ ֆինանսական գործառնությունների հարկերն են՝ դարձյալ բացառապես բանկերի նկատմամբ։ Որոշ երկրներ վերջին շրջանում սկսել են հարկային դրույքաչափեր կիրառել այն ռեսուրսների նկատմամբ, որոնք գերազանցում են եկամտաբերության նորմալ մակարդակը։ 

Արման Պողոսյանը հավելել է, որ երկրի բանկային հատվածը, ազատված լինելով ԱԱՀ-ի վճարումներից, վերջին տարիներին ցուցադրում է եկամտաբերության բարձր մակարդակ, ինչի համար անհրաժեշտ են հարկման լրացուցիչ կանոններ։ Ընդ որում, հաշվի է առնվել ինչպես միջազգային փորձը, այնպես էլ բանկերի վրա որևէ ճնշում բացառելու հնարավորությունները, ինչը կարող էր հանգեցնել տոկոսադրույքների բարձրացման և ծառայությունների թանկացման, ինչպես նաև գնաճային ռիսկերի առաջացման։ Փոփոխություններով նախատեսվում է, որ բանկերից բաժնետերերին շահաբաժինների վճարման տեսքով կապիտալի դուրսբերման դեպքում այդ գործառնությունները կհարկվեն ոչ թե 5%-ով, ինչպես հիմա է, այլ 15%-ով՝ անկախ նրանից, թե ստացողն ինչ կարգավիճակ ունի՝ ֆիզիկական, թե իրավաբանական անձի։ 

Միևնույն ժամանակ, ներկայացված փաթեթով բանկերին արտոնություններ կտրամադրվեն այն բաժնետոմսերի շահաբաժինների հարկերի գծով, որոնք կտեղաբաշխվեն գնանշվող ֆոնդային բորսաներում։ Այս դեպքում շահութահարկի դրույքաչափը չի բարձրանա։ Ինչպես նշել է փոխնախարարը, ներկայումս աշխատանքներ են տարվում այդ ֆոնդային բորսաների ցանկի հստակեցման ուղղությամբ, հատկապես՝ հաշվի առնելով դրանց լայն աշխարհագրությունը։