
Արմինֆո. Մայիսի 8-ին Հայաստանում տեղի կունենա նշանակալի իրադարձություն, որը վերաիմաստավորում է երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությունը։ Հանդիսավոր ձևաչափով կներկայացվի Zeyro-ն՝ առաջին հայկական արհեստական բանականությունը, որը ստեղծվել է նոր ստանդարտներ սահմանելու և ժամանակակից շարժունակության ու թվային ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։ Այդ մասին ասվում է Zeyro թիմի հաղորդագրությունում։
Աղբյուրի համաձայն, դա, պարզապես, պրոդուկտի ներկայացում չէ, Zeyro-ն միավորում է արագությունը, ինտելեկտուալ ճկունությունն ու տեխնոլոգիաները՝ ձևավորելով ծառայությունների նոր որակ՝ առավել արդյունավետ, անհատականացված և կանխատեսելի։
Նշվում է, որ վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում հայտնված զեբրիկը, որը լայն արձագանք է ստացել թվային հարթակներում, իր ամբողջական իմաստն ու նշանակությունը կստանա հենց այս միջոցառման ընթացքում։ Պաշտոնապես կհաստատվի, որ այդ զեբրիկը հանդիսանում է Zeyro-ի սիմվոլը՝ արտացոլելով հարթակի գաղափարախոսությունն ու վիզուալ ինքնությունը։
Միջոցառումը կընթանա նախագծի հիմնադրի և ստեղծող թիմի ելույթներով, Zeyro-ի ամբողջական ներկայացմամբ, կենդանի ջազային կատարումներով, և բաց հարց ու պատասխանով՝ ապահովելով անմիջական շփում ներկաների և նախագծի հեղինակների միջև։ «Սա հստակ ազդակ է շուկային, գործընկերներին և հանրությանը։ Zeyro-ն հանդես է գալիս որպես գործող ուժ։ Մայիսի 8-ը դառնում է մեկնարկային կետ՝ նոր իրականության համար», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Zeyro-ն արհեստական բանականության (ԱԲ) հիմքով առաջին հայկական հավելվածն է, որը մշակվել է տեղի մասնագետների կողմից: Նրա նպատակը ԱԲ- ասիստենտի կիրառումն է, որը հասկանում է հայերեն և ձայնը վերածում գործողությունների։ Նախագիծը ակտիվորեն զարգանում է, այն առկա է սոցիալական ցանցերում, ինչպես նաև գրանցված է staff.am հարթակում։