Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026 13:02
Ալինա Հովհաննիսյան

ԳԱՀ-ը (Գերմանա-հայկական հիմնադրամ) Հայաստանում գործունեության քառորդ դարի ընթացքում ներգրավել է ավելի քան 700 մլն եվրոյի վարկային ռեսուրսներ

ԳԱՀ-ը (Գերմանա-հայկական հիմնադրամ) Հայաստանում գործունեության քառորդ դարի ընթացքում ներգրավել է ավելի քան 700 մլն եվրոյի վարկային ռեսուրսներ

Արմինֆո.  Գերմանա-հայկական հիմնադրամը (ԳԱՀ) Հայաստանում իր գրեթե 25-ամյա գործունեության ընթացքում միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավել է ավելի քան 700 միլիոն եվրոյի վարկային ռեսուրսներ, որոնք բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով տրամադրվել են երկրի ՓՄՁ ոլորտին։ Այս մասին «ՓՄՁ ոլորտ. զարգացման ազդեցությունն ու մարտահրավերները» ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը՝ հստակեցնելով, որ տրամադրվել է շուրջ 350 հազար վարկ՝ պորտֆելի ծավալի 3 անգամ աճով։

«Գերմանա-հայկական հիմնադրամի գործունեությունը նման փոխգործակցության լավագույն օրինակներից է, որը միավորում է փորձը, ռեսուրսները և զարգացման երկարաժամկետ տեսլականը»,- ասել է ՀԲՄ նախագահը։

2026 թվականի մարտի դրությամբ ԳԱՀ վարկային պորտֆելն ըստ ոլորտների բաշխված է հետևյալ կերպ. արդյունաբերության ոլորտ՝ 29%, առևտուր՝ 25%, ծառայություններ՝ 17%, գյուղատնտեսություն՝ 12%, շինարարություն՝ 8% և այլն։ Հատկանշական է, որ չաշխատող վարկերի (NPL) տեսակարար կշիռը ԳԱՀ ծրագրերի շրջանակներում գրեթե հավասար է զրոյի։

Ինչպես նշել է Ազատյանը, Գերմանա-հայկական հիմնադրամի կողմից իրականացվող վարկային ծրագրերը հիմք են դրել Հայաստանում կանաչ ֆինանսավորման զարգացման և կանանց ձեռնարկատիրության աջակցության, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան վերականգնվող էներգետիկայի օբյեկտների կառուցման համար։ Նրա խոսքով՝ ԳԱՀ գործունեությունը նպաստել է կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանը ինչպես ֆինանսական համակարգում, այնպես էլ ՓՄՁ ոլորտում։ «Բացառիկ կարևոր էր միջազգային խորհրդատվական կազմակերպությունների ներգրավումը վարկային ծրագրերի իրականացման գործընթացում՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից տրամադրված դրամաշնորհների շրջանակներում»,- նկատել է նա։

Հիշեցնենք, որ «ՓՄՁ ոլորտ. զարգացման ազդեցությունն ու մարտահրավերները» ֆորումը կարևոր հարթակ է բիզնեսի, պետության, միջազգային գործընկերների, բանկային համակարգի, իսկ այժմ արդեն նաև վարկային կազմակերպությունների միջև կառուցողական երկխոսության և համագործակցության համար՝ նպատակ ունենալով ձևավորել նոր գործընկերություններ, քննարկել զարգացման հեռանկարներն ու առկա մարտահրավերները և մշակել գործնական լուծումներ։ Հայաստանի բանկերի միության կողմից ՓՄՁ ոլորտին նվիրված ֆորումների անցկացման հիմքը դրվել է անցյալ տարի Արագածոտնի մարզում, այնուհետև դրանք շարունակվել են Սյունիքում և Լոռիում։

Գերմանա-հայկական հիմնադրամը (ԳԱՀ) մասնագիտացված կառույց է, որը ստեղծվել է 1998 թվականին՝ երկրի տնտեսության զարգացմանն ուղղված միջազգային ֆինանսական ռեսուրսների ներգրավման, կառավարման և բաշխման նպատակով։ Հիմնադրամի համահիմնադիրն է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը։

Հիմնադրամի հիմնական առաքելությունն է աջակցել Հայաստանի կայուն տնտեսական աճին՝ փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու դոնորների հետ համատեղ զարգացման թիրախային ծրագրերի իրականացման միջոցով։

Հիմնադրամի հիմնական գործընկերների թվում են գերմանական KfW բանկը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB), Համաշխարհային բանկը (WB) և Ասիական զարգացման բանկը (ADB), ինչպես նաև այլ դոնոր կազմակերպություններ։

ԳԱՀ գործունեությունն ընդգրկում է ուղղությունների լայն շրջանակ՝ ՓՄՁ դասական վարկավորում, «կանաչ» ֆինանսավորման զարգացում, էներգաարդյունավետության ծրագրերի, գյուղատնտեսության, կանանց ձեռնարկատիրության աջակցություն, ինչպես նաև կայուն զարգացման ոլորտի ծրագրեր։