
Արմինֆո.Մայիսի 14-ից 15-ը Երևանում կայանալիք Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի շրջանակներում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հանդիպումը միջկառավարական հանձնաժողովի վիետնամական կողմի համանախագահ, Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թի Թանգի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՎՍՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության խորացման, առկա կապերի ամրապնդման և փոխգործակցության նոր ուղղությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր՝ կարևորելով երկկողմ տնտեսական չիրացված ներուժի առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։
Արման Խոջոյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ուղղված է դիվերսիֆիկացման միջոցով տնտեսության կայունության և մրցունակության ամրապնդմանը։ «Այս համատեքստում մենք առանձնապես կարևորում ենք թե’ արտահանման, թե’ ներմուծման, և թե’ մատակարարման շղթաների դիվերսիֆիկացումը։ Համոզված ենք, որ Վիետնամի հետ առավել սերտ համագործակցությունը կարող է էապես նպաստել այս նպատակների իրագործմանը», - նշել է նախարարի տեղակալը։
Նա նաև անդրադարձել է հայկական բրենդիի (կոնյակի)՝ վիետնամական շուկա արտահանման հնարավորություններին։
Հայաստանի և Վիետնամի միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղությունների թվում կողմերը դիտարկել են առևտրի, սննդի վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներ։
Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հարավային Կովկասում ձևավորել առավել կապակցված, կայուն և համագործակցային միջավայր՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ու զարգացման միջոցով։
Նշենք, որ Մաքսային ծառայության վերջին տվյալների համաձայն, 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Վիետնամ արտահանվող ապրանքների մաքսային արժեքն աճել է գրեթե 2 անգամ ՝ կազմելով 1.4 մլն դոլար։ Ներմուծվող ապրանքների արժեքը հաշվետու ժամանակահատվածում աճել է 4.7% - ով՝ կազմելով 460 մլն դոլար։