Արմինֆո.ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը մայիսի 14-ին կառավարության շենքում հանդիպել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամների և գործադիր թիմի հետ ու քննարկել Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ հավանության արժանացած «Ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել է դեպի Հայաստան որակյալ ներդրումների ներհոսքի ակտիվացման և երկրի ներդրումային միջավայրի գրավչության բարձրացման կարևորությունը։ Փոխվարչապետն ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը երկրում իրականացվող բարեփոխումների մշակման գործում գործարար համայնքի ներգրավման և նոր խթանների ստեղծման տեսանկյունից։
Հիշեցնենք, որ վերջերս երկրի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի ընդունումը կստեղծի հստակ և կանխատեսելի իրավական միջավայր ներդրումների համար, ինչը Հայաստանին թույլ կտա բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշն ու մրցունակությունը, ներդրումային գրավչությունը, ինչպես նաև կնպաստի կայուն և ներառական տնտեսական աճին: Այսպիսով, օրենքի նախագիծը սահմանում է ներդրումների և ներդրողների պաշտպանության երաշխիքներ՝ հաշվի առնելով ժամանակակից միջազգայնորեն ճանաչված չափանիշները:
Մասնավորապես, նախագիծը սահմանում է.
- Խտրականության բացառման երաշխիքներ (non-discrimination) իր երկու հայտնի բաղադրիչներով՝ ազգային ռեժիմ (National Treatment/NT) և առավել բարենպաստության ռեժիմ (Most Favoured Nation/MFN):
- Օտարումից (էքսպրոպրիացիայից) պաշտպանության երաշխիք: Ընդ որում, նախագծում տրված է անուղղակի օտարման հասկացության սահմանումը, որը հստակորեն արգելված է, ինչպես նաև սահմանված են այն չափանիշները, որոնց միայն պահպանման դեպքում կարող է տեղի ունենալ ուղղակի օտարում: Այս երաշխիքի դրույթներում, հաշվի առնելով ֆինանսական շուկաների/կազմակերպությունների առանձնահատկությունները, առաջին անգամ առաջարկվում է նաև սահմանել, որ առողջացման ընթացակարգերի շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների ազգայնացման ռեժիմը սահմանվում է օրենքով:
- Իրավական և ֆիզիկական պաշտպանության, ներդրումների իրավական դաշտի թափանցիկության և կայունության երաշխիքներ: Այս առումով, օրինակ, նախագծով նախատեսվում է, որ օրենքով սահմանված երաշխիքներից օգտվող ներդրումները կշարունակեն պաշտպանված մնալ օրենքով սահմանված երաշխիքներով՝ անկախ երաշխիքների ծավալի փոփոխությունից կամ դրանց չեղարկումից, նման փոփոխությունից կամ չեղարկումից հետո հինգ տարվա ընթացքում:
- Այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են կապիտալի և գույքի ազատ տեղաշարժն ու փոխանցումը, հողի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները, աշխատողների վարձման երաշխիքները, վեճերի լուծման մեխանիզմները և այլն:
- Ներդրումային արտոնությունների տեսակները, դրանց նպատակը, էությունը, իրավական հիմքերը և կիրառման մեխանիզմները:
- Օրենքի նախագիծը սահմանում է նաև ներդրումային գործունեության ինստիտուցիոնալ հիմքերը՝ այս ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները (անհրաժեշտ լիազորող նորմերը), լիազոր մարմնի իրավասությունները, ինչպես նաև հիմքեր է դնում Ներդրումների աջակցման կենտրոնի իրավական կարգավիճակի համար: