
Արմինֆո.Կառավարության մայիսի 21-ի նիստում գործադիրի ընդունած որոշմամբ համալրվել է ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծված «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կապիտալը։ Կառավարության հաղորդագրության համաձայն, ընկերության կանոնադրական կապիտալի համալրման (բաժնետոմսերի դիմաց վճարումների) համար անհրաժեշտ է 200 մլն դրամ
Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, 2024թ. օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» որոշմամբ նախատեսվել է հիմնադրման միջոցով ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն, որի կանոնադրական կապիտալի համալրման (բաժնետոմսերի դիմաց վճարումների) համար անհրաժեշտ է 200 մլն դրամ: Նշված գումարը ներառվել էր ՀՀ 2025թ. պետական բյուջեում, որպես 1167 Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրի «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացում» 44003 միջոցառում, սակայն ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար համապատասխան մասնագետի ներգրավման մրցութային գործընթացի երկարաձգմամբ պայմանավորված (ով պետք էր իրականացնել ընկերության գրանցման համապատասխան գործառույթները և վճարումները) հատկացված գումարը չի օգտագործվել՝ վերջինս սահմանված կարգով վերադարձվել է հետ բյուջե: ՀՀ 2026թ. պետական բյուջեով 1167 Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրով «Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարում» 11007 միջոցառմամբ Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման աշխատանքների նախապատրաստման և իրականացման համար նախատեսվել է 828,000.0 հազ. դրամ (ընկերության ձևավորվող գործադիր մարմնի պահպանման ծախսերի համար նախատեսված գումար), որից 2026թ. առաջին կիսամյակի համար՝ 545,000.0 հազ. դրամ, ինն ամսվա համար՝ 752,000.0 հազ. դրամ: Քանի որ Ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար համապատասխան մասնագետի ներգրավման մրցութային գործընթացը երկարաձգվել է՝ հատկացված գումարից առաջանալու են չօգտագործվող միջոցներ, ուստի հնարավոր է Միջոցառման համար առաջին կիսամյակով նախատեսված գումարներից 200 մլն դրամ գումար հատկացնել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացում» միջոցառմանը:
Նշենք, որ նոր ընկերության կազմակերպական-իրավական ձևը և անձնակազմի ընտրությունը պետք է համապատասխանեն ԱԷՄԳ նորմերին, իսկ ֆինանսավորումը պետք է իրականացվի ՀՀ պետական բյուջեի հաշվին: Ընկերության ընդհանուր կառավարումը պետք է իրականացնի լիազորված մարմինը, տվյալ դեպքում ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Վերոնշյալ կազմակերպությունը պետք է իրականացնի առաջարկվող բոլոր տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների համեմատական ուսումնասիրություն, որի հիման վրա կներկայացնի տեխնոլոգիայի ընտրության մասնագիտական առաջարկ: ՀՀ կառավարության հավանությանն արժանանալուց հետո ընկերությունը նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին օրենքի ընդունումից հետո պետք է բանակցություններ վարի և պատրաստի նոր ատոմային էներգաբլոկի կամ Էներգաբլոկների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթեր: Ընկերությունը պետք է կառավարի, կազմակերպի և պատասխանատվություն կրի նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար, այսինքն ՝ լինի նախագծի կատարողը ։ Կախված վերը նշված աշխատանքների փուլերից ՝ ՓԲԸ-ն պետք է համալրվի համապատասխան անձնակազմով, իսկ հետագայում դառնա օպերատոր նոր բլոկի կառուցման ավարտից հետո: 2024 թվականի նախապատրաստական փուլում ընկերության ստեղծման և գործունեության համար ուղղվել է շուրջ 800 մլն դրամ, իսկ հետագա տարիներին ՝ 800 - ական մլն դրամ: Հաշվի առնելով ԱԷՄԳ հանձնարարականները ՝ նման նախագծի իրականացման համար անհրաժեշտ է տարբեր ոլորտների 50-60 բարձր որակավորում ունեցող մասնագետների հաստիք (Էլեկտրաէներգետիկա, միջուկային ֆիզիկա, շրջակա միջավայրի պահպանություն, կրթություն, քաղաքաշինություն և այլն):
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ ատոմակայանի տեսակի և հզորության վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի 2027 թվականին: Երկրի իշխանությունները հակված են փոքր մոդուլային ռեակտորներով ԱԷԿ-ի կառուցմանը ։ Ներկայումս երկրում գործող Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում իրականացվում է դրա շահագործման ժամկետը 10 տարով' մինչև 2036 թվականը երկարաձգելու երկրորդ ծրագիրը Այդ ժամանակահատվածում հանրապետությունում պետք է կառուցվի նոր ատոմային էներգաբլոկ։