Հինգշաբթի, 21 Մայիսի 2026 13:33
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը, որը նախատեսված է արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց համար 

Հայաստանում գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը, որը նախատեսված է արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց համար 

Արմինֆո. Հայաստանում գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը, որը նախատեսված է արտաքին տնտեսական գործունեությամբ (ԱՏԳ) զբաղվող անձանց համար՝ ներմուծողների, արտահանողների, տարանցիկ փոխադրումներ իրականացնողների, ինչպես նաև ձեռնարկատիրական կամ անձնական նպատակներով գործարքներ իրականացնող քաղաքացիների համար։

 

Պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության համաձայն, հարթակը գործարկվել է  Գերմանիայի կառավարության աջակցությամբ ու Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով։ Այստեղ հավաքված են մաքսային ընթացակարգերին վերաբերող անհրաժեշտ տվյալները՝ օրենսդրությունից ու պահանջվող փաստաթղթերից մինչև ժամկետներ, հնարավոր սահմանափակումներ և գործընթացում ներգրավված այլ մարմինների մասին տեղեկություններ։ Բացի այդ, կարելի է ծանոթանալ նաև ապրանքների հայտարարագրման առանձնահատկություններին, սակագնային և ոչ սակագնային կարգավորումներին, վճարների դրույքաչափերին ու վճարման եղանակներին, գանձապետական հաշիվներին և այլն։

 

ExIm-ը եռալեզու է, և հարթակից օգտվելը բավականին հեշտ է, նույնիսկ  օգտանուն կամ գաղտնաբառ մտապահելու կարիք չկա․ կարելի  է մուտք գործել ինչպես ՊԵԿ պաշտոնական կայքէջից, այնպես էլ անմիջապես exim.src.am հարթակից։ Տեղեկատվությունն այստեղ դասակարգված է ըստ գործընթացների և ունի փնտրման ճկուն մեխանիզմ։ Բավական է մուտքագրել հետաքրքրող ապրանքի անվանումը, ընտրել նպատակը և համապատասխան երկիրը, որից հետո  համակարգն ինքնաշխատ տրամադրում է տվյալ գործարքին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը։ ExIm-ում հասանելի են նաև հատուկ հաշվիչներ, որոնց միջոցով հնարավոր է նախապես հաշվարկել ապրանքների կամ ավտոմեքենաների ներմուծման համար անհրաժեշտ վճարները և գնահատել սպասվող ծախսերը։ Համակարգը, միաժամանակ, ցուցադրում է Կենտրոնական բանկի օրվա փոխարժեքները։ Հարթակում հավաքված են նաև մաքսային գործընթացներին վերաբերող  ուղեցույցներ, տեսահոլովակներ, պարզաբանումներ ու օգտակար հղումներ։ Այստեղ կարելի է գտնել նույնիսկ բողոքարկման ընթացակարգի մասին տեղեկատվություն։

 

Պատասխանատուները հիշեցնում են՝ հարթակի տվյալները բացառապես իրազեկող են և մաքսային հարցերում պետք է առաջնորդվել  պաշտոնական հրապարակումներով։ Իսկ, եթե օգտվողներն անճշտություններ կամ բացթողումներ նկատեն, կարող են այդ մասին տեղեկացնել  [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։