
Արմինֆո.«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2026թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
Այսպես.
Արձանագրվել է բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների զգալի ծավալների կուտակում (դրանց բանկային տեղաբաշխումից ստացվող տոկոսային եկամուտների աճ), որը հիմնականում կարևորագույն ծրագրերի գծով ծախսերի շարունակական թերակատարման հետևանք է և վկայում է բյուջետային քաղաքականության անարդյունավետության մասին։
Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը՝ 560.9 մլրդ դրամ, ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 17.2%-ով: Այս հաշվետու ժամանակահատվածում ևս դրանց բոլոր բաղադրիչները թերակատարվել են։
Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը (կապիտալ ծախսերը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն նվազել են՝ 43.4%, իսկ եռամսյակային ճշտված պլանի նկատմամբ ավելի քան քառակի թերակատարվել են՝ հիմնականում պայմանավորված ՀՀ ՊՆ կապիտալ ծախսերի թերակատարմամբ: Կապիտալ ծախսերի դեպքում ևս թերակատարումը վերաբերում է ծախսային բոլոր բաղադրիչներին։
Ծախսերի թերակատարման զգալի մասը Պաշտպանության, ԿԳՄՍ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով է։ Կատարողականը (տոկոսային արտահայտությամբ) առավել ցածր է Պաշտպանության, ՏԿԵ և ԿԳՄՍ նախարարությունների պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով՝ համապատասխանաբար 39.9%, 62.7% և 65.6%:
Ծրագրերից շատերի գծով թերակատարումները քրոնիկ են, ինչը նշանակում է, որ գործող կառավարությունը պարզապես ի վիճակի չէ ապահովել մի շարք կարևորագույն ծրագրերի («Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում», «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում», «Զբոսաշրջության զարգացում», «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» և այլն) արդյունավետ իրականացումը, այն դեպքում, երբ դրանցով է պայմանավորված գործող կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրով սահմանված թիրախների զգալի մասի ապահովումը։
Բյուջեի ցածր կատարողականը սահմանափակում է տնտեսական ակտիվության և ենթակառուցվածքների զարգացման վրա պետական ծրագրերի ազդեցությունը և հանդիսանում է գործող կառավարության ցածր արդյունավետության լավագույն վկայություն։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/lkoPA։