
Արմինֆո. Ռոսպոտրեբնադզորը 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել՝ կասեցնելով «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ արտադրողի «Ջերմուկ» խմելու հանքային ջրի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանի տարածքում։
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, պատճառը հանքային ջրում հիդրոկարբոնատի բարձր պարունակության հայտնաբերումն է։ «Նշված արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, ինչը հանդիսանում է ԵԱՏՄ ՄՏ 044/2017 «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջների խախտում։ Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման և առողջական վիճակի վատթարացման», — հայտարարել են գերատեսչությունում։
Համաձայն աղբյուրի՝ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ռոսպոտրեբնադզորը համապատասխան ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողով և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին։ Նշվում է, որ տեղեկացվել են նաև Մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիան (ԱԿՈՐՏ) և Ինտերնետ-առևտրի ընկերությունների ասոցիացիան (ԱԿԻՏ)։ ««Ջերմուկ» հանքային ջրի շրջանառության հետ կապված իրավիճակը մնում է Ռոսպոտրեբնադզորի վերահսկողության տակ», — ամփոփել են գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Ռոսսելխոզնադզորը նույնպես հայտնել էր 2026 թվականի մայիսի 22-ից հայկական ծագում ունեցող ծաղկային արտադրանքի ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ մտցնելու մասին՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը։ Ըստ Ռոսսելխոզնադզորի՝ որոշումն ընդունվել է Ռուսաստանի ֆիտոսանիտարական բարեկեցության և արտահանման ներուժի պաշտպանության նպատակով։ Նշենք, որ ՌԴ հայկական ծաղիկների արտահանման հետ կապված անալոգիական խնդիր առաջացել էր նաև անցյալ տարվա ամռանը։ Փորձագետները դրանում քաղաքական ենթատեքստ էին տեսել։