
Արմինֆո.Երևան է ժամանել Չինաստանի խոշոր գործարար պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ներդրումային, արդյունաբերական, իրավաբանական, տրանսպորտային, գյուղատնտեսական և մշակութային բնագավառներում գործունեություն ծավալող առաջատար խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։
Պատվիրակության կազմում են նաև միջազգային ներդրման և ձեռնարկատիրության հարթակների ղեկավարներ, որոնք տարբեր երկրներում գործունեություն են իրականացնում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։
Չինական գործարար առաքելությունը հանդիպում է ունեցել Միջազգային բիզնես կապերի աջակցման խորհրդի (IBRS) ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ներդրումային միջավայրի զարգացման հեռանկարները և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։
Նրանք ընդգծել են երկարատև ու կայուն համագործակցության կարևորությունը, որն ուղղված է ներդրումների ներգրավմանը, նոր շուկաների բացմանը և երկու երկրների միջև տնտեսական, տեխնոլոգիական ու մշակութային կապերի խորացմանը։
«Չինաստանը շարունակում է մնալ կարևոր և հեռանկարային նոր շուկա Հայաստանի համար՝ լայն հնարավորություններ ստեղծելով տնտեսական համագործակցության ընդլայնման համար։ Հայ արտադրողները կարող են ընդլայնել իրենց արտահանման ուղղությունները՝ դուրս գալով չինական շուկա, ձևավորելով նոր գործընկերային կապեր և ամրապնդելով իրենց ներկայությունը միջազգային ասպարեզում»,- ասված է IBRS-ի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2026 թվականի I եռամսյակում Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 19,6%-ով՝ կազմելով 701.7 մլն դոլար։ Ընդ որում, արտահանումն աճել է 2.3 անգամ՝ հասնելով 251.3 մլն դոլարի, ներմուծման 6,1% անկման ֆոնին, որը կազմել է 450.4 մլն դոլար։
Ամբողջ 2025 թվականի ընթացքում փոխադարձ առևտրի ծավալը գրանցել է 6,5% անկում՝ ապահովելով 2.6 մլրդ դոլար։ Այդ ընթացքում արտահանման ծավալները կազմել են 763.6 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով նվազելով 30,4%-ով, մինչդեռ ներմուծումն աճել է 8,8%-ով՝ հասնելով 1.9 մլրդ դոլարի։