
Արմինֆո. Մակրոտնտեսական, գնային և ֆինանսական կայունության համադրումը, որն ապահովված է հուսալի ինստիտուցիոնալ շրջանակներով, կարևորագույն հիմք է ապահովում Հայաստանում կապիտալի խորը և հուսալի շուկայի կառուցման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը' այսօր հանդես գալով ծրագրային ելույթով կապիտալի շուկայի զարգացմանը նվիրված «Կատարելության, աճի եւ գլոբալ ինտեգրման 25 տարի" միջազգային խորհրդաժողովի բացմանը, որը նվիրված է Հայկական ֆոնդային բորսայի (AMX) ստեղծման 25-ամյակին:
Նրա խոսքով՝ եթե նայենք կապիտալի շուկայի ներկա վիճակին, ապա այդ հատվածն արդեն որոշակի տեղ է զբաղեցնում հայկական ֆինանսական շուկայի քարտեզի վրա։ Արդյունքում՝ առաջարկի կողմում այժմ կա 50 կորպորատիվ թողարկող։ Լավ զարգացած է միջնորդների հատվածը, որն ունի 42 կազմակերպություն, ներառյալ 17 բանկ և 25 ներդրումային ընկերություն: Բացի այդ, երկրում գործում են 6 ներդրումային ֆոնդի կառավարիչներ, որոնցից երկուսը կառավարում են կենսաթոշակային հիմնադրամները՝ ակտիվների շուրջ 3,9 միլիարդ դոլար զուտ արժեքով ՝ ձևավորելով ամուր ներդրումային հիմք: Շուկայական ենթակառուցվածքին լրացուցիչ աջակցում են AMX ֆոնդային բորսան և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան:
Խոսելով Հայաստանի զարգացող ֆոնդային շուկայում գործարկված ֆինանսական գործիքների մասին՝ Գալստյանը խոստովանել է, որ շուկայում դեռեւս գերակշռում են պետական արժեթղթերը' մոտ 7,4 մլրդ դոլար ծավալով: Դրանց հաջորդում են կորպորատիվ պարտատոմսերը' շուրջ 2,2 մլրդ դոլար ծավալով, մինչդեռ, բաժնետոմսերի շուկան մնում է համեմատաբար փոքր' մոտ 0,5 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացմամբ:
Այնուամենայնիվ, վերջին տարիներին նկատվում է դրական միտում շուկայի զարգացման և ընդլայնման գործընթացում։ Նախ, շուկա են մտնում իրական հատվածի ընկերություններ, ինչը կարևոր ազդակ է։ Առանցքային օրինակ են ENA (80 մլն դոլար), Viva Armenia (80 մլն դոլար), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (50 մլն դոլար և 2,5 մլրդ դրամ), Team Telecom (45 մլն դոլար) և այլ պարտատոմսերի խոշոր թողարկումները։ Ֆոնդային շուկայում արձանագրվում է նոր խոշոր թողարկողների ի հայտ գալը, ինչպիսիք են ASCE խումբը (30 մլն դոլար), Team Telecom-ը (11 մլն դոլար), Telcell-ը (3,2 մլն դոլար), ACBA Bank-ը (250 մլն դոլար), AEB-ը (67 մլն դոլար), UniBank-ը (50 մլն դոլար) և այլն: Որպես կանոն, առաջինը IPO շուկա են դուրս գալիս ավելի թափանցիկ եւ հայտնի ընկերությունները, սակայն, ինչը կարեւոր է, ինչպես ընդգծել է Գալստյանը, արդեն նույնիսկ փոքր ֆիրմաներն ավելի հաճախ են կապիտալի շուկան դիտարկում որպես բանկային ֆինանսավորման այլընտրանք:
Կապիտալի շուկայի զարգացման երկրորդ կարեւոր ասպեկտը Գալստյանը համարել է պարտքային պարտատոմսերի թողարկման զգալիորեն աճած ծավալը։ Օրինակ՝ 30 միլիարդ դրամի պարտատոմսերի թողարկումն անիրատեսական կլիներ 10 տարի առաջ, մինչդեռ, այսօր նման ծավալները տեղաբաշխվում են մի քանի օրվա ընթացքում։
Երրորդ, ընդլայնվում է ներդրողների բազան։ Արժեթղթեր ունեցող ռեզիդենտների ակտիվ հաշիվների քանակը վերջին տարիներին մի քանի անգամ աճել է։ Նույնիսկ մանրածախ ներդրողները աճող հետաքրքրություն են ցուցաբերում շուկայի նկատմամբ: Միջազգային ներդրողների վստահությունը տեղական պետական պարտատոմսերի նկատմամբ ռեկորդային բարձր մակարդակում է։ 2018 թվականին օտարերկրյա ներդրողների մասնակցությունը պետական պարտքի ներքին շուկայում կազմել է ընդամենը 3,6 մլրդ դրամ, մինչեւ 2025 թվականն այդ թիվը հասել է 177 մլրդ դրամի, ինչը կազմում է ՀՀ դրամով թողարկման ընդհանուր ծավալի մոտ 7%-ը։
Վերջապես, շուկան ավելի մատչելի է դարձել առանցքային բարեփոխումների շնորհիվ, ներառյալ Clearstream link-ը, AMX-ի ժամանակակից առևտրային ենթակառուցվածքը (ներառյալ շուկայի ուղիղ հասանելիությունը) և AMX-ի ու Վարշավայի ֆոնդային բորսայի ինտեգրումը:
Այդուհանդերձ, ինչպես նշել է Գալստյանը, ներկայումս շուկան նախկինի պես կենտրոնացած է պետական արժեթղթերի վրա ։ Կորպորատիվ արժեթղթերի շուկան զարգացման վաղ փուլում է և հետագա կատարելագործման կարիք ունի, հատկապես՝ կենսաթոշակային հիմնադրամների ակտիվներում ներդրումներին աջակցելու համար:
Այս առումով նա նշել է, որ երկրում կուտակված կենսաթոշակային խնայողությունների զգալի ծավալ կա (ակտիվների զուտ արժեքը կազմում է մոտավորապես 3,9 մլրդ դոլար), այն դեպքում, երբ տնտեսության ներսում ներդրումային հնարավորությունները մնում են զգալիորեն սահմանափակ։
Կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումից հետո կենսաթոշակային հիմնադրամներում զգալի խնայողություններ են կուտակվել։ «Մենք դեռ կուտակման փուլում ենք, և ակնկալվում է, որ աճի այս միտումը կպահպանվի: Ավելին, կենսաթոշակային հիմնադրամների խնայողությունները մինչ այժմ աճել են ավելի արագ, քան բանկային ակտիվները: Դրա համար մեզ անհրաժեշտ են նոր կորպորատիվ արժեթղթեր, որպեսզի այդ կուտակված խնայողությունները ուղղվեն իրական տնտեսություն», - ընդգծել է Մեգակարգավորիչի ղեկավարը, նշելով, որ կուտակային կենսաթոշակային համակարգի զարգացումն ուղղված է նաեւ կյանքի ապահովագրության ոլորտի ամրապնդմանը ՝ դրանով իսկ շուկայում ավելացնելով ինստիտուցիոնալ ներդրողների նոր շերտ։ «Այս առումով մենք արդեն ունենք դրական ազդակ. հայկական շուկա է դուրս եկել միջազգային մակարդակի հեղինակավոր խաղացող Grawe Group ընկերությունը, որը C-Quadrat-ի հետ ձեռք է բերել տեղական ապահովագրական ընկերության բաժնետոմսերը: Բացի այդ, ներկայումս մենք բանակցություններ ենք վարում շուկայի նոր խոշոր խաղացողի հետ: Սա կարող է կատալիզատոր ծառայել նոր ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավման համար:
Գալստյանն ընդգծել է, որ կապիտալի շուկաները մեկուսացված չեն զարգանում և չեն կարող ուժեղացվել բացառապես բուն կապիտալի շուկային ուղղված միջոցառումներով: Ավելի շուտ, դրանք սերտորեն փոխկապակցված են ֆինանսական համակարգի այլ հատվածների հետ, ներառյալ փողի շուկան, արտարժույթի շուկան, պետական պարտքի շուկան և հարակից այլ ֆինանսական հատվածներ: "Սա կապիտալի շուկայի զարգացման մեր մոդելի այն միջուկն է, որը մենք բազմիցս ընդգծել ենք", - նշել է գլխավոր բանկիրը: