Երկուշաբթի, 1 Հունիսի 2026 20:48
Մարիաննա Մկրտչյան

Սուքիասյանը հավաստիացնում է. Հայաստանը ռուսական գազին ունի ավելի էժան այլընտրանք

Սուքիասյանը հավաստիացնում է. Հայաստանը ռուսական գազին ունի ավելի էժան այլընտրանք

Արմինֆո.Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը հավաստիացնում է, որ Հայաստանը ռուսական գազին ունի ավելի էժան այլընտրանք։

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում նա քաղաքացիներին հորդորեց հանգիստ լինել և չանհանգստանալ Ռուսաստանի կողմից գնի հնարավոր բարձրացման համար։

«Հանգիստ եղեք, մենք ունենք ավելի էժան առաջարկներ, քան այսօր սպառողների համար գազի վերջնական գինն է։ Եվ այդ առաջարկներն արդեն վաղուց կան», - հավաստիացրեց նա։

Այն ճշտմանը, թե որտեղից է գազը, Սուքիասյանը հայտարարեց, որ չի կարող ասել. այդ մասին լսել է ոչ Հայաստանում և ոչ հայաստանյան իշխանություններից։ Միևնույն ժամանակ, նա հավատացրեց, որ դա ադրբեջանական գազ չէ։ «Ինձ մեկ այլ երկրում ասել են, որ պատրաստ են մեզ գազ տալ, և այդ գործողություններն ընթացքի մեջ են։ Ես այդ մասին խոսելու իրավունք չունեմ», - հավելեց իշխող ուժի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ կա գազ տրամադրելու պատրաստակամություն, այդ թվում՝ կոոպերացիայի (համագործակցության) միջոցով։ Այնուհետև նա լրագրողներին առաջարկեց ուսումնասիրել այս հարցում Վրաստանի փորձը՝ ումից է գնում, ինչ գնով և որն է վերջնական գինը սպառողի համար։ Նրա խոսքով՝ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ներքին հավելագինը երկրի ներսում կազմում է 120%։ Ընդ որում, նա մոռացավ նշել, որ այդ հավելագինը սահմանում է հայաստանյան կարգավորողը՝ ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), և որ Հայաստանի իշխանությունների ուժերի սահմաններում է փոխել այդ հավելագինը՝ նվազեցնելով հարկերը։ Հավելենք, որ այս հավելագնի մեջ մտնում են նաև հանրապետության գազաֆիկացմամբ պայմանավորված կապիտալ ներդրումները։ Հայաստանի գազաֆիկացման ներկայիս մակարդակը կազմում է մոտ 95-96%, ինչը երկիրը դուրս է բերում համաշխարհային առաջատարների շարք և առաջին տեղն է ապահովում ԱՊՀ երկրների շրջանում։ Գազաբաշխիչ համակարգին միացված է ավելի քան 700 հազար բաժանորդ (ֆիզիկական անձ) և ավելի քան 14 հազար կազմակերպություն։ Նկատենք, որ միայն 2026-2030 թվականների համար ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 150 346,91 մլն դրամ (առանց ԱԱՀ)։

Ինչպես հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն, ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնական ուղղություններն են՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը և կապիտալ վերանորոգումը. գազատրանսպորտային համակարգի կապիտալ վերանորոգումը. ներդրումներ գազատրանսպորտային համակարգի օժանդակ գործունեության տեսակներում. գործող գազամատակարարման համակարգին նոր բաժանորդների միացման աշխատանքներն ու միջոցառումները. ներդրումներ գազաբաշխիչ համակարգի օժանդակ գործունեության տեսակներում. ներդրումներ՝ ուղղված Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրի իրականացմանը։

Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բարդացել են Հայաստանի եվրաինտեգրման կուրսի ֆոնին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Ընդ որում, Փաշինյանը պնդում էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն այս պահին Երևանի օրակարգում չկա։

Հիշեցնենք, որ ռուսական կողմը հայտարարել էր, որ 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանը կարող է անժամկետ չեղարկել նավթամթերքի, գազի և ալմաստի մատակարարումների արտահանման մաքսատուրքերը դեպի Հայաստան, եթե Հայաստանը շարունակի եվրաինտեգրման կուրսը։ Համաձայնագրով Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով՝ հաստատված ինդիկատիվ հաշվեկշիռներով, ընդ որում՝ վերաարտահանումը երրորդ երկրներ արգելված է։

Ապրիլի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է 177,5 դոլարով՝ 1 հազար խորանարդ մետրի դիմաց, այն դեպքում, երբ Եվրոպայում այն այժմ արժե մոտ 600 դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի դիմաց։