
Արմինֆո. Հունիսի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը այցելել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ այսօր լուսադեմին ժամանել է 6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներից բաղկացած առաջին խոշոր խմբաքանակը՝ 1792 GPU, որը նախատեսված է Firebird AI մեգանախագծի առաջին փուլի իրականացման համար։
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, առաջին փուլով նախատեսվում է Հրազդանում գործարկել շուրջ 18 ՄՎտ հզորությամբ ժամանակակից ԱԲ տվյալների կենտրոն՝ NVIDIA Blackwell ճարտարապետության վրա հիմնված բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներով։ Կենտրոնը կօգտագործի ջրային հովացման փակ համակարգ, որը լիցքավորվելու է մեկ անգամ և օգտագործվում է մի քանի տարի շարունակ՝ ապահովելով բարձր էներգաարդյունավետություն և հուսալի աշխատանք։
Նախագծի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար։ Երկրորդ փուլում նախատեսվում է ներգրավել մինչև 4 մլրդ դոլարի ներդրումներ և շահագործման հանձնել ևս մոտ 42,000 գրաֆիկական պրոցեսոր՝ Հայաստանը առաջ մղելով աշխարհի ամենահզոր AI տվյալների կենտրոններ ունեցող երկրների առաջատար հնգյակի մեջ։
Առաջին փուլի գործարկումից հետո կենտրոնում կաշխատի մինչև 100 բարձրակարգ մասնագետ, իսկ երկրորդ փուլի կառուցման և ընդլայնման աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1000 մասնագետ՝ ստեղծելով նոր բարձր վարձատրվող աշխատատեղեր։
Նախագծի կարևոր բաղադրիչներից է ՀՀ կառավարության և Firebird AI-ի միջև կնքված 25 մլն դոլարի ռազմավարական ծրագիրը, որի շրջանակում պետությունը 5 տարի ժամկետով կստանա բարձր արտադրողականությամբ ԱԲ հաշվարկային ռեսուրսներ՝ աջակցելու հայկական ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, բուհերին և մասնագետներին, ինչպես նաև ապահովելու դրանց կիրառումը պետական կառույցներում, տեխնոլոգիական ընկերություններում և բարձր տեխնոլոգիական ոլորտների հետազոտական ու զարգացման ծրագրերում: