
Արմինֆո. Այս տարի մենք սկսել ենք սերտորեն փոխգործակցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետ՝ բանակի կենսական կարիքները գույքագրելու համար։ Այդ մասին հունիսի 3-ին հաղորդել է Հայաստանի Ռազմարդյունաբերական համալիրի կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը՝ RISE ցուցահանդես-ֆորումի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ։
Նա նշել է, որ այդ կարիքները կվերածվեն որոշակի ուղղությունների, որոնք կդառնան արտադրանքի առանձնահատկությունները, որոնց ուղղությամբ պետք է աշխատեն հայրենական արտադրողները: «Մեզ անհրաժեշտ է հստակ սահմանել զարգացման գերակա ուղղությունները: Դա բարդ եւ տեւական աշխատանք է, որը պահանջում է սերտ փոխգործակցություն Գլխավոր շտաբի հետ», - ընդգծել է Ջիվանյանը։
Խոսելով համաշխարհային շուկայում հայկական ռազմարդյունաբերական համալիրի մրցունակության բարձրացման հեռանկարների մասին՝ կոմիտեի ղեկավարը նշել է, որ ոլորտը զարգանում է creative destruction-ի պայմաններում (գործընթաց, որի ժամանակ նոր տեխնոլոգիաները, նորարարությունները եւ բիզնես մոդելները քայքայում են հնացած ճյուղերն ու ընկերությունները, որպեսզի տեղ բացեն ավելի արդյունավետների համար - խմբ.): Այդ դեպքում, նրա կարծիքով, Հայաստանը պետք է կողմնորոշվի դեպի խորշային ուղղություններ։ Այսինքն, ինչպես պարզաբանել է Ջիվանյանը, աշխատել ոչ թե բազմաթիվ ուղղություններով, այլ նեղ մասնագիտական հատվածում լավագույն լուծումներ տալ աշխարհին։
Ընդ որում, կոմիտեի ղեկավարը վստահություն է հայտնել, որ 5 տարի անց Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի արտահանումը անշեղորեն կաճի եւ կդառնա բիզնեսի զարգացման կարեւոր ուղղություններից մեկը: Բացի այդ, նրա ասելով, հայկական շուկան ավելի գրավիչ կդառնա պաշտպանական արդյունաբերության ոլորտի խոշոր միջազգային խաղացողների համար: