
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում կատարել է շուրջ 7,12 մլրդ դրամի վերաբաշխում. գումարը նախատեսվում է ուղղել ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման համար։
Կառավարության հաղորդագրության համաձայն, որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 26.2 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ՝ 4,4 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 0.2 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 21.6 կմ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է այդ ճանապարհահատվածները. Վայք քաղաքի միջով անցնող Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 4.4 կմ հատվածի հիմնանորոգում, Ճամբարակ համայնքի Այգուտ և Աղբերք բնակավայրերի հատվածում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման և ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում, Վաղարշապատ քաղաքի Դանղյան փողոց և Դանղյան փողոցի խաչմերուկից դեպի Արտիմետ գյուղ տանող 1.9 կմ հատվածի հիմնանորոգում, Օձունից Ամոջ տանող ավտոճանապարհից դեպի Հագվի տանող ավտոճանապարհի 2.71 կմ հատվածի ասֆալտապատում, Օձունից Ամոջ տանող ավտոճանապարհի 2.17 կմ հատվածի ասֆալտապատում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի հանրապետական նշանակության «Ամրոց» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան տանող ճանապարհի նորոգում, Գյումրի քաղաքից Այգաբաց բնակավայր տանող ավտոճանապարհի 10.44 կմ հատվածի հիմնանորոգում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի և Խորենացի փողոցների 2.44 կմ երկարությամբ հատվածի վերանորոգում, Մ-2 ավտոճանապարհից Շամբ և Շամբի ջրամբարի պատվար տանող ավտոճանապարհի 3.25 կմ հատվածի հիմնանորոգում, Որոտավանը Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի հետ կապող 1.7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Կապան -Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի 15-րդ կմ-ից դեպի Նռնաձոր տանող 10.12 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցում /I-ին փուլ, գրունտային/։
Նախատեսվում է գումար հատկացնել Քուչակի ուղեանցի (կամրջի) ապամոնտաժում և նոր ուղեանցի (կամրջի) կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։