Ուրբաթ, 5 Հունիսի 2026 10:54
Ալինա Հովհաննիսյան

Գևորգ Մանթաշյան. Այսօր կիբեռանվտանգությունը համընդհանուր պատասխանատվություն է

Գևորգ Մանթաշյան. Այսօր կիբեռանվտանգությունը համընդհանուր պատասխանատվություն է

Արմինֆո.Այսօր կիբեռանվտանգությունը համընդհանուր պատասխանատվություն է, իսկ ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի և մասնագիտական համայնքի սերտ համագործակցությունը։ Այս մասին «RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա ցուցահանդես-ֆորումի շրջանակներում անցկացված «Կիբեռանվտանգությունը որպես ազգային առաջնահերթություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը:

Նրա խոսքով՝ ոլորտի զարգացման առանցքային գործոններից մեկը մարդկային կապիտալի ձևավորումն ու կարգավորման հստակ կանոնների առկայությունն է։ Շարունակվող օրենսդրական բարեփոխումներին զուգահեռ՝ Մանթաշյանը նշել է, որ Նախարարությունն իրականացնում է կրթական և իրազեկման ծրագրեր, նախաձեռնություններ դպրոցականների ու ուսանողների համար, ինչպես նաև կազմակերպում է հակաթոններ։ «Այս միջոցառումները նպաստում են նոր տաղանդների բացահայտմանը և որակյալ մասնագետների պատրաստմանը»,- ասել է նա:

Խոսելով ամպային տեխնոլոգիաների կիրառման մասին՝ նախարարի տեղակալը կարևորել է մասնավոր հատվածի և մասնագիտական համայնքի հետ մշտական փոխգործակցությունը։ Նա ընդգծել է, որ տեխնոլոգիական լուծումների ընտրության և ներդրման ժամանակ անհրաժեշտ է առաջնորդվել տնտեսական արդյունավետության, անվտանգության և երկարատև կայունության սկզբունքներով։

Ինչպես հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը, պանելային քննարկման ընթացքում մասնակիցները քննարկել են թվային անվտանգության ոլորտի ժամանակակից մարտահրավերները, իրավական կարգավորման զարգացումը և կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռկայունության բարձրացումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել տվյալ ոլորտում նոր տեխնոլոգիական լուծումների ներդրման հեռանկարներին։

Նշենք, որ «RISE» ֆորում-ցուցահանդեսն անցկացվել է հունիսի 3-4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչն էր Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը։

Ֆորումի հայեցակարգը կառուցված էր չորս ուղղությունների շուրջ՝ Research & Development, Innovation, Science և Engineering (հետազոտություններ և մշակումներ, նորարարություն, գիտություն և ճարտարագիտություն), որոնք ձևավորում են տեխնոլոգիական զարգացման հիմքը: