
Արմինֆո.Անցյալում են մնացել ժամանակները, երբ հայկական արտադրանքը որակապես անմրցունակ էր համարվում եվրոպականի համեմատ։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը ստանդարտները կամ արտադրանքի սերտիֆիկացումը չէ, հաշվի առնելով, որ Հայաստանում կան արտադրողներ, որոնք ունեն G. A. P. սերտիֆիկատներ, որոնք առկա են նաև եվրոպացի ֆերմերների մոտ:
"Խնդիրն առնչվում է մաքսային սահմանին։ Սահմանի հատումը նշանակում է լրացուցիչ ծախսեր՝ 14,4% կամ 8,8% տուրքերի տեսքով, ինչն ինքնըստինքյան նվազեցնում է հայկական արտադրանքի մրցունակությունը։ Այդ իսկ պատճառով այս փուլում կառավարությունը որոշում է կայացրել սուբսիդավորել այդ ծախսերը", - նշել է նախարարը։
Պապոյանը նաև նշել է հայկական արտադրանքի եվրոպական շուկա դուրս գալու աշխարհագրական սահմանափակումների առկայությունը։ "Հայաստանն առայժմ ընդհանուր սահման չունի Եվրոպական միության հետ։ Ես ասում եմ "առայժմ", քանի որ Հայաստանն ունի երկու հարևան, որոնք ԵՄ անդամակցության թեկնածու են։ Եվրոպական շուկայի հետ անմիջական հաղորդակցության բացակայությունը եւ շուկաների միջեւ զգալի հեռավորությունը հանգեցնում են լրացուցիչ տրանսպորտային ծախսերի, ինչը նույնպես բացասաբար է անդրադառնում արտադրանքի մրցունակության վրա", - ասել է նա։ Այդ առնչությամբ նախարարը հաղորդել է կառավարության ՝ տրանսպորտային ծախսերի մասնակի սուբսիդավորման ծրագիր իրականացնելու մտադրության մասին, այդ թվում ՝ եվրոպական գործընկերների աջակցությամբ։ Նրա խոսքով՝ այս միջոցը թույլ կտա ոչ միայն հեշտացնել հայկական արտադրանքի մուտքը արտաքին շուկաներ, այլև կնպաստի արտադրության ծավալների ավելացմանը:
Պապոյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը զգալի որակական փոփոխություններ է կրել, ինչն արդեն իսկ թույլ է տալիս մրցունակ արտադրանք արտահանել արտասահմանյան տարբեր շուկաներ:
Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ստանդարտները միանգամայն համադրելի են Եվրոպական միության ստանդարտների հետ, իսկ առանձին պարամետրերով, նույնիսկ, գերազանցում են դրանք:
Դրա հետ մեկտեղ, նա խոստովանել է, որ Հայաստանում կան արտադրողներ, որոնք շարունակում են օգտագործել արտադրության ավանդական մեթոդները, ինչը կարող է նրանց համար բարդություններ ստեղծել ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ շուկաներում։ "Մեր խնդիրն այն է, որպեսզի ֆինանսական աջակցության մեխանիզմների միջոցով աջակցենք այդ արտադրողներին, օգնենք նրանց մոդեռնիզացվել, զարգանալ և ապահովել անհրաժեշտ մրցունակության մակարդակ", - եզրափակել է նախարարը: