Երեքշաբթի, 9 Հունիսի 2026 12:22

Հայաստանի բանկիրները հանդիպել են LBBW-ի գերմանացի գործընկերների հետ

Հայաստանի բանկիրները հանդիպել են LBBW-ի գերմանացի գործընկերների հետ

Արմինֆո. Նախօրեին գերմանական Շտուտգարտ քաղաքում Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) և գերմանական Landesbank Baden-Wurttemberg (LBBW) բանկի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մի շարք Հայաստանի բանկերի ղեկավարների, ՀՀ ԿԲ ներկայացուցիչների հանդիպումը LBBW-ի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է ՀԲՄ մամուլի ծառայությունը։

Միջոցառման նպատակն էր խորացնել ու ամրապնդել գործարար կապերը Հայաստանի բանկերի և գերմանական Landesbank-ի միջև, ստեղծել նոր հնարավորություններ երկկողմ համագործակցության, փորձի փոխանակման և մասնագիտական կապերի զարգացման համար։

Հանդիպումն ուղղված էր նաև գերմանական առաջատար ֆինանսական կազմակերպությունների հետ ինստիտուցիոնալ համագործակցության խորացմանը՝ Հայաստանի միջազգային ֆինանսական ինտեգրման համատեքստում։

Շտուտգարտում կայացած հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, ով իր ելույթում ընդգծել է առաջատար գերմանական ֆինանսական կազմակերպությունների հետ ինստիտուցիոնալ համագործակցության խորացման կարևորությունը՝ Հայաստանի միջազգային ֆինանսական ինտեգրման համատեքստում։

Միջոցառման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է «Հայաստանի մակրոտնտեսական միջավայրը» խորագրով զեկույցը, որում դիտարկվել են Հայաստանի տնտեսական զարգացումը, բանկային համակարգի ընթացիկ վիճակը, կայունության գործոնները և հետագա զարգացման հեռանկարները։

Ելույթ են ունեցել նաև LBBW-ի ներկայացուցիչները՝ ներկայացնելով եվրոպական բանկային համակարգի տեսլականը վճարային համակարգերի, առևտրի ֆինանսավորման, ակտիվների կառավարման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական հեռանկարների վերաբերյալ։ Լուսաբանվել են նաև միջոցառման շրջանակներում Հայաստանի բանկերի և LBBW-ի համապատասխան ստորաբաժանումների միջև անցկացված երկկողմ հանդիպումներն ու քննարկումները։ Քննարկումների ընթացքում կողմերը հնարավորություն են ունեցել քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և խորացնել գործընկերային կապերը։