
Արմինֆո.Team Telecom Armenia-ն կապահովի Firebird AI-ի արհեստական բանականության մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը՝ մագիստրալային, հաջորդ սերնդի օպտիկամանրաթելային ցանցի միջոցով:
Firebird-ի տվյալների կենտրոնը, որն արդեն անցել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ, դառնալու է տարածաշրջանի ամենախոշոր արհեստական բանականության տվյալների կենտրոնը տարածաշրջանում: Նման մասշտաբի ենթակառուցվածքների արդյունավետ և անխափան աշխատանքն անհնար է պատկերացնել առանց գերհուսալի և բարձր թողունակությամբ կապի համակարգերի:
«Տարիների ընթացքում շարունակական ներդրումների արդյունքում Team Telecom Armenia-ն տարածաշրջանի մասշտաբով դարձել է կոմունիկացիաների եզակի հանգույց։ Մենք այսօր Հայաստանից դուրս 4 ուղղությամբ դիվերսիֆիկացված կապուղիներ ունենք, ինչը լիարժեքորեն համապատասխանում է դատա կենտրոնների կառուցման համար միջազգային չափանիշներին։ Team-ի ենթակառուցվածքը դառնում է մեգանախագծի թվային ողնաշարը՝ Հայաստանում գործարկվող ԱԲ գործարանը կապելով համաշխարհային թվային էկոհամակարգի հետ և ապահովելով տվյալների արագ, անվտանգ և անխափան փոխանցում»,-ԱԲ կենտրոնի տարածքում կատարած առաջին շրջայցի ընթացքում նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արամ Բարսեղյանը:
Team Telecom Armenia-ն նախագծի համար ապահովում է մինչև 1 Տերաբիթ/վայրկյան թողունակությամբ կապ՝ պահանջարկի աճին համընթաց հետագա ընդլայնման զգալի հնարավորությամբ: Ընկերության հաջորդ սերնդի օպտիկամանրաթելային ցանցը հնարավորություն է տալիս սպասարկելու արհեստական բանականության և բարձր արտադրողականության հաշվարկների ոլորտի ամենապահանջկոտ ենթակառուցվածքները՝ ապահովելով տվյալների գերարագ փոխանցում և միջազգային կապուղիների բարձր հուսալիություն:
ԱԲ մեգակենտրոնի կառուցման աշխատանքներում ներգրավված են նաև Team ընկերությունների խմբի Team Construct, Team Systems և Team Energy ընկերությունները:
Firebird-ի առաջին փուլում տվյալների կենտրոնում կգործի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU, որոնք կապահովեն մինչև 110.6 էքսաֆլոպ արհեստական բանականության հաշվարկային հզորություն: Հետագա ընդլայնման փուլերում նախատեսվում է ենթակառուցվածքի բազմակի աճ, ինչի համար կարևոր նշանակություն ունի նաև համապատասխան հեռահաղորդակցական միջավայրի առկայությունը: