
ԱրմԻնֆո. Արժեթղթերի և շուկաների եվրոպական մարմնի (ESMA) կողմից կարգավորվող Capital Intelligence Rating Agency Ltd (CI Ratings) վարկանիշային գործակալությունն առաջին անգամ Եվրասիական զարգացման բանկին (ԵԱԶԲ) շնորհել է արտարժույթով երկարաժամկետ վարկային BBB վարկանիշ և կարճաժամկետ A2 վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ։ Այս մասին հայտնում է Բանկի մամուլի ծառայությունը։
ԵԱԶԲ-ին շնորհված ներդրումային վարկանիշն արտացոլում է Բանկի բարձր սեփական վարկունակությունը, ներառյալ նրա կապիտալի ամուր դիրքը, ակտիվների լավ որակը, իրացվելիության հարմարավետ մակարդակը և վերաֆինանսավորման ցածր ռիսկը: CI Ratings-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ ԵԱԶԲ-ի երկարաժամկետ վարկային BBB վարկանիշը սահմանվել է Բանկի սեփական վարկունակության վարկանիշի նույն մակարդակի վրա՝ առանց լրացուցիչ աստիճանների, քանի որ այն բարձր է Բանկի անդամ պետությունների միջին վարկունակությունից։ Միևնույն ժամանակ, Գործակալությունը նշում է, որ բաժնետերերը պատրաստակամություն են հայտնում անհրաժեշտության դեպքում լրացուցիչ աջակցություն ցուցաբերել ԵԱԶԲ-ին՝ ըստ պահանջի կապիտալի (callable capital) բարձր մակարդակի հաշվին:
CI Ratings-ի կարծիքով՝ ԵԱԶԲ-ի վարկանիշին նպաստում են նրա կապիտալի ամուր դիրքը և ֆինանսական լևերիջը (leverage), խնդրահարույց վարկերի ցածր մասնաբաժինը (Փուլ 3) և վարկերի արժեզրկման պահուստների ավելի քան ամբողջական ծածկույթը, ինչն արտացոլում է ռիսկերի արդյունավետ կառավարումը: Բանկի լրացուցիչ ուժեղ կողմերին, որոնք նշվել են CI Ratings-ի կողմից, վերաբերում են իրացվելիության հարմարավետ դիրքը, վերաֆինանսավորման ցածր ռիսկը և լավ շահութաբերությունը:
Գործակալությունն ընդգծում է, որ Բանկի բիզնես մոդելը կայունություն է դրսևորում քսան տարի առաջ իր հիմնադրման պահից ի վեր։ Այն ուղղված է ընդգծված սոցիալական և տնտեսական ազդեցություն ունեցող նախագծերի երկարաժամկետ ֆինանսավորմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների և կանաչ էներգետիկայի ոլորտներում։ Բանկն առաջատար է զարգացման մյուս բանկերի թվում 2022-2025 թվականներին իր ներկայության երկրներում ոչ սուվերեն ֆինանսավորման ոլորտում։
ԵԱԶԲ վարկանիշների գծով կայուն կանխատեսումն արտացոլում է CI Ratings-ի ակնկալիքն այն մասին, որ առաջիկա 12 ամիսներին Բանկը կպահպանի կապիտալի բարձր մակարդակը, շահութաբերության և իրացվելիության բավարար ցուցանիշները, ինչպես նաև վարկային պորտֆելի լավ որակը։ CI Ratings-ը գրանցված է որպես վարկանիշային գործակալություն Եվրոպական միությունում և կարգավորվում է Արժեթղթերի և շուկաների եվրոպական մարմնի (ESMA) կողմից։ Այն նաև պաշտոնապես ճանաչված է որպես արտաքին վարկային վարկանիշային գործակալություն (ECAI) Եվրոպական բանկային մարմնի (EBA), ինչպես նաև Ծոցի մի շարք երկրների (GCC) և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի (MENA) ավելի լայն տարածաշրջանի վերահսկողական մարմինների կողմից: CI Ratings-ը հիմնադրվել է 1982 թվականին և ունի խորը փորձագիտական գիտելիքներ զարգացող շուկաներում, հատկապես Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Շնորհված վարկանիշը առաջին հերթին կնպաստի Մերձավոր Արևելքի տարածաշրջանի կապիտալի շուկաներում ԵԱԶԲ-ի գործունեության զարգացմանը: 2025 թվականի դեկտեմբերին Բանկը գրասենյակ է բացել Abu Dhabi Global Market (ADGM) միջազգային ֆինանսական կենտրոնում և նպատակադրված է ներդրումներ ներգրավել Կենտրոնական Ասիայի նախագծերում։