
Արմինֆո.Հայաստանի բոլոր խոշոր ջրամբարներում արձանագրվել է լցվածության բարձր մակարդակ։
Այս մասին հունիսի 12-ին խորհրդարանում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է 2025 թվականի վերջին և 2026 թվականի առաջին կեսին տեղացած առատ տեղումներով։
Նախարարն անդրադարձել է նաև երկու խոշոր նախագծերի՝ Վեդու և Կապսի ջրամբարների կառուցմանը։ Մասնավորապես, Խուդաթյանը հայտնել է, որ Վեդու ջրամբարում շարունակվում են փուլային լցման և դատարկման աշխատանքները, որոնք անհրաժեշտ են մինչև դրա վերջնական լցումը պատվարի և ջրամբարի հիմքի պահանջվող ամրության մակարդակին հասնելու համար։
Խոսելով Կապսի ջրամբարի մասին՝ նախարարը հիշեցրել է, որ անցյալ տարի ժամանակացույցից զգալի հետ մնալու պատճառով լուծարվել է պայմանագիրը չինական կապալառու ընկերության հետ։ Ներկայումս, նրա խոսքով, իրականացվում է գոյություն ունեցող նախագծի լրամշակում։ Մասնավորապես՝ ջրամբարի տարողությունը մեծացվել է 2,5 անգամ։
«Մենք արդեն մոտ ենք նախագծային աշխատանքների ավարտին, որից հետո կիրականացվեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները և կհայտարարվի շինարարության նոր մրցույթ», - ասել է Խուդաթյանը։
Նա հույս է հայտնել, որ նոր կապալառուն կկարողանա ավարտել շինարարությունը և օբյեկտը շահագործման հանձնել սահմանված ժամկետներում։
«Սա ոլորտի խոշորագույն ծրագիրն է, և այն գտնվում է մեր ուշադրության կենտրոնում», - ընդգծել է գերատեսչության ղեկավարը։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 26-ին Վեդու ջրամբարի կառուցման ֆինանսավորման նպատակով Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի Հանրապետությանը հատկացրել է 75 միլիոն եվրո վարկ (ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կկազմի 15 միլիոն եվրո), որի շրջանակներում նախատեսվում է կառուցել 29,4 միլիոն խորանարդ մետր ծավալով և 120 հեկտար ջրային մակերեսով ջրամբար: Ջրի աղբյուր կդառնան Արարատի մարզի Վեդի և Խոսրով գետերը։ Նշվում էր, որ ծրագրի ամբողջական իրականացումը հնարավորություն կտա մեղմել ջրի դեֆիցիտը Արարատյան դաշտում, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայողության։ Ծրագրի իրականացման արդյունքում Սևանա լճից ջրառը կկրճատվի 19 միլիոն խորանարդ մետրով (ապահովելով շուրջ 3220 հեկտար հողատարածքի անխափան և հուսալի ոռոգում), իսկ ոռոգվող հողատարածքների մակերեսը կավելանա մոտ 300 հեկտարով։
Ջրամբարի շահագործումից հետո կանջատվեն 11 պոմպակայաններ, ևս 3-ը՝ մասնակի, խնայողությունը տարեկան կտրվածքով կկազմի շուրջ 1 միլիարդ դրամ կամ 19 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Ներտնտեսային ցանցերի կորուստները կնվազեն 20-25%-ով։ Ծրագիրն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել չորս տարվա ընթացքում։
Բանկի՝ Հայաստանում կարևորագույն նախագծերից մեկը Կապսի ջրամբարի կառուցման ավարտն է։ 1988 թվականի երկրաշարժի պատճառով անավարտ մնացած ջրամբարը, որի նախագծային հզորությունը 110 միլիոն խորանարդ մետր ջուր է, գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք՝ Ախուրյան գետի հովտում։ Ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 70 միլիոն եվրո, ֆինանսավորվում է Վերականգնման վարկերի գերմանական բանկի (KfW) կողմից։ Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունիսի 29-ին, միջոցների օգտագործման վերջնաժամկետ էր սահմանվել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը, սակայն այնուհետև այն երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ավարտին հասցնել 25 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի կառուցումը։ Երկրորդ փուլով նախատեսվում է ենթակառուցվածքները հասցնել մինչև 60 միլիոն խորանարդ մետրի։ Նախագծով նախատեսվում է Կապսի ջրամբարի պատվարի օժանդակ կառուցվածքների շինարարություն, Ախուրյան գետի (Արփի լճից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտարկումների կետերի կահավորում, լրացուցիչ կայանների կառուցում, կենտրոնացված տվյալների բազայի ստեղծում (SCADA համակարգ):