Ուրբաթ, 12 Հունիսի 2026 12:56
Ալինա Հովհաննիսյան

Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»

Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»

Արմինֆո. Team Telecom Armenia-ն արժանացել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող» մրցանակին Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում:

Ինչպես հայտնում է Team Telecom Armenia-ի մամուլի ծառայությունը, մրցանակը շնորհվել է 2025 թվականի ընթացքում ընկերության բաժնետոմսերով իրականացված գործարքների ծավալի հիման վրա:

Այս ճանաչումը վկայում է Team Telecom Armenia-ի հանդեպ ներդրողների բարձր վստահության, ինչպես նաև Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում ընկերության ունեցած նշանակալի դերի մասին: Բորսայում բաժնետոմսերի ակտիվ շրջանառությունն արտացոլում է ներդրողների հետաքրքրվածությունը ընկերության զարգացման երկարաժամկետ ռազմավարության, դրա ֆինանսական կայունության և աճի հեռանկարների նկատմամբ:

«Այս մրցանակն արտացոլում է ներդրողների վստահությունը Team Telecom Armenia-ի հանդեպ և հաստատում, որ ընկերության կողմից իրականացվող ռազմավարական նախաձեռնություններն ու ներդրումային ծրագրերը դրական արձագանք են գտնում կապիտալի շուկայում: Մենք կշարունակենք զարգացնել թափանցիկ, հաշվետու և կայուն բիզնես մոդել՝ երկարաժամկետ արժեք ստեղծելով մեր բաժնետերերի, հաճախորդների և Հայաստանի տնտեսության համար», - նշել է Team Telecom Armenia-ի ֆինանսական տնօրեն Կարեն Մնացականյանը:

Ըստ աղբյուրի՝ ընկերությունը հետևողականորեն ներդնում է կորպորատիվ կառավարման և թափանցիկության լավագույն փորձը՝ բաժնետերերի և ներդրողների համար ապահովելով բաց և կանխատեսելի գործարար միջավայր:

Հիշեցնենք, որ Team Telecom Armenia-ն տեղաբաշխել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, ինչի շնորհիվ շուրջ 1 հազար ներդրող դարձել է ընկերության բաժնետեր: Team-ի բաժնետոմսերը շարունակում են ազատ շրջանառվել շուկայում, և դրա մասնակիցները կարող են ձեռք բերել կամ վաճառել դրանք:

Նշենք, որ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (բրենդը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որն առաջատար դիրքեր է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հանդիսանալով Հայաստանում առաջին հեռահաղորդակցության ցանցի ժառանգորդը՝ ընկերությունն ունի այս ոլորտում ծառայությունների մատուցման 100-ամյա պատմություն:

Հարուստ փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրման շնորհիվ Team-ը հուսալի և նորարարական ծառայություններ է մատուցում ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:

Team Telecom Armenia-ի նպատակն է բարձրորակ հեռահաղորդակցության ծառայություններ տրամադրել Հայաստանի բոլոր բնակիչներին: Այս նպատակին հասնելու համար ընկերությունը մշտապես արդիականացնում և վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, ինչը նաև բարձրացնում է Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը: