
Արմինֆո. Հայաստանում կշարունակվի համայնքների խոշորացման գործընթացը։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ի լիագումար նիստում քննարկում է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխությունները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ նախատեսվում է համայնքների խոշորացում Ստեփանավանում, Գորիսում և Եղեգնաձորում։
Ստեփանավան խոշորացված համայնքի մեջ կներառվի 20 բնակավայր՝ ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքներից։
Գորիս համայնքը կմիավորի 28 բնակավայր՝ գործող Գորիս, Տաթև և Տեղ համայնքներից։
Եղեգնաձոր համայնքի մեջ կմտնի 32 բնակավայր՝ Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքներից։
Փաստաթղթում ներկայացված է խոշորացված համայնքներում Ավագանու ընտրությունների անցկացման կարգը։ Օրենքի հրապարակումից հետո՝ 5 օրվա ընթացքում, ավագանու ներկայիս կազմի լիազորությունները կդադարեցվեն։
Նախարարը նշել է, որ խոշորացումից հետո Հայաստանում համայնքների թիվը կկազմի 64, որոնցից 57-ը՝ խոշորացված։ Խուդաթյանն ընդգծել է, որ համայնքների խոշորացման գործընթաց չի իրականացվի 7 համայնքներում, այդ թվում՝ Երևանում, Գյումրիում և ազգային փոքրամասնություններով բնակեցված հինգ համայնքներում։ Համայնքների խոշորացումն ուղղված է վարչական ծախսերի կրճատմանը և զարգացման ավելի մեծածավալ ծրագրերի իրականացմանը։ Խոշորացման գործընթացն ինքնին մեխանիկական բնույթ չի կրում։