
Արմինֆո.Հայաստանում ձեռնամուխ են եղել առևտրային բանկերի բաժնետերերի ստացած շահաբաժինների հարկման փոփոխության հարցի լուծմանը։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ի նիստում քննարկում է Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։
Ներկայացնելով փոփոխությունները՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ ներկայումս բանկերի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների և գործարքների ճնշող մեծամասնությունն ազատված է ԱԱՀ-ից, ինչը միջազգայնորեն ընդունված մոտեցում է: Հարկման հարցերում տարբեր պետություններ ԱԱՀ-ն փոխհատուցում են այլ լուծումներով։ Դրանցից մեկը բանկերի բաժնետերերի համար շահաբաժինների հարկի դրույքաչափի բարձրացումն է։
Արման Պողոսյանն ընդգծել է, որ Հայաստանի բանկային հատվածը, նույնպես ազատված լինելով ԱԱՀ-ի վճարումներից, վերջին տարիներին ցուցաբերում է շահութաբերության բարձր մակարդակ, և հետևաբար, լրացուցիչ հարկման կարիք ունի։ Փոփոխությունների փաթեթի մշակման ժամանակ հիմքում դրվել է բուն բանկերի վրա որևէ ճնշման բացառման հնարավորությունը, ինչը կարող էր հանգեցնել տոկոսադրույքների բարձրացմանն ու ծառայությունների թանկացմանը, ինչպես նաև գնաճային ռիսկերի առաջացմանը։ Ուստի կարգավորողները կանգ են առել մի մեխանիզմի վրա, որը բարձրացնում է առևտրային բանկերի բաժնետերերի հարկման մակարդակը։ Փոփոխություններով նախատեսվում է, որ բանկերի բաժնետերերին շահաբաժիններ վճարելու որոշման դեպքում այդ գործառնությունները կհարկվեն ոչ թե եկամտային հարկի 5% դրույքաչափով, ինչպես հիմա է, այլ 15%-ով՝ անկախ նրանից, թե շահառուն ինչ կարգավիճակ ունի՝ ֆիզիկական, թե իրավաբանական անձի։ Սակայն, միևնույն ժամանակ, բանկերին կտրամադրվեն որոշակի արտոնություններ։ Եթե բանկի բաժնետոմսերը ցուցակվեն կարգավորվող ֆոնդային շուկաներում (բորսաներում), ապա ցուցակված արժեթղթերից ստացվող շահաբաժինների հարկի դրույքաչափը կմնա նախկին՝ 5% մակարդակում։ Ներկայումս, ինչպես նշել է փոխնախարարը, աշխատանքներ են տարվում ֆոնդային բորսաների ցանկի հստակեցման ուղղությամբ։
Անկախ փորձագետների կարծիքով՝ այս միջոցը կարող է նաև սահմանափակել մեկ կամ փոխկապակցված բաժնետերերի խմբի առկայությամբ «գրպանային բանկերի» թիվը և կդրդի բանկերին դուրս գալ կազմակերպված բորսայական հարթակներ։