
Արմինֆո. Չնայած Հայաստանի հյուրանոցային ոլորտի նկատմամբ ներդրումային հետաքրքրության առկայությանը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բախվում է որակյալ պատրաստված նախագծերի դեֆիցիտի, որոնք կարող էին ֆինանսավորում ստանալ։
Այս մասին «Hospitality Investment Forum Yerevan 2026» (HIF) միջազգային ներդրումային ֆորումի պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՎԶԵԲ ավագ բանկիր Դավիթ Մանուկյանը։
«Խնդիրն այն չէ, որ ոլորտը համարվում է ռիսկային կամ բացակայում է ներդրումային ախորժակը։ Հարցը համակարգված, խորը մշակված և տնտեսապես հիմնավորված ծրագրերի բացակայությունն է, որոնք բանկերը պատրաստ են ֆինանսավորել»,- նշել է նա։
Մանուկյանի խոսքով՝ շատ ընկերություններ ֆինանսական կազմակերպություններն ընկալում են բացառապես որպես հասանելի վարկերի աղբյուր, այնինչ ներդրողները գնահատում են ոչ միայն նախագծի ֆինանսական ցուցանիշները, այլև դրա երկարաժամկետ ազդեցությունը։ Մասնավորապես, Բանկն ուշադրություն է դարձնում կորպորատիվ կառավարման կատարելագործման, էներգաարդյունավետ լուծումների ներդրման և կայուն բիզնես-մոդելների հարցերին։
«Հարցը նախագծերը ֆինանսավորելու ցանկության բացակայությունը չէ, այլ իրականում լավ ծրագրերի բացակայությունը։ Մեզ համար կարևոր է, որ ներդրումները հիմնավորված լինեն կոմերցիոն տեսանկյունից»,- ընդգծել է ՎԶԵԲ ներկայացուցիչը։
Նա նաև հայտնել է, որ Հայաստանում ՎԶԵԲ ներդրումների ընդհանուր ծավալը հասել է 2.5 մլրդ եվրոյի, որից միջոցների 70%-ն ուղղվել է մասնավոր հատվածին։ Ընդ որում, Մանուկյանի խոսքով, հյուրընկալության ոլորտում նախագծերի մասնաբաժինը մնում է ծայրահեղ սահմանափակ։ Նա նկատել է, որ Բանկը մի քանի ծրագրեր է իրականացրել Թուրքիայում և Վրաստանում, սակայն Հայաստանում նմանատիպ նախագծերը խիստ սակավաթիվ են։
Նշենք, որ HIF-ն անցկացվում է արդեն չորրորդ անգամ և համախմբում է համաշխարհային առաջատար հյուրանոցային բրենդների ներկայացուցիչներին, ներդրողներին, դեվելոպերներին և պետական կառույցներին՝ Հայաստանում և տարածաշրջանում նոր նախագծեր մեկնարկելու, ներդրումներ ներգրավելու և երկարաժամկետ գործընկերություններ ձևավորելու համար։
Միջոցառումը կողմնորոշված է իրական նախագծերի իրականացմանը, գործընկերությունների հաստատմանը և ներդրումների ներգրավմանը։ 2024 թվականի երևանյան ֆորումի արդյունքներով ստորագրվել են երկու ներդրումային համաձայնագրեր, իսկ 2025 թվականի միջոցառումը հավաքել էր հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։