Հինգշաբթի, 25 Հունիսի 2026 15:29
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի վարչապետ․ Եթե չկա ազատ տեղաշարժ, ուրեմն, չկա նաև ԵԱՏՄ

Հայաստանի վարչապետ․ Եթե չկա ազատ տեղաշարժ, ուրեմն, չկա նաև ԵԱՏՄ

Արմինֆո.Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հիմնված է 4 հիմնարար սկզբունքների վրա․  ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ տեղաշարժ, և, եթե չկա ազատ հոսք, ուրեմն, չկա նաև ԵԱՏՄ: Հունիսի 25-ին ճեպազրույցում լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

"Խնդիրը կարող է գոյություն ունենալ մեկ, երկու, երեք ամիս, բայց եթե արդեն չորրորդ ամիսն է, և խնդիրը դեռ չի լուծվում, նշանակում է, որ ԵԱՏՄ չկա։ Եթե ԵԱՏՄ-ն հայտարարում է, որ իրենք չկան, ապա ի՞նչ պետք է անենք։ Չկա, ուրեմն, չկա", - ասել է վարչապետը։

 

Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ Միության մյուս երկրները ևս մտահոգված են Հայաստանի նկատմամբ տեղի ունեցող իրադարձություններով, քանզի հասկանում են, որ նման բան կարող է տեղի ունենալ նաև իրենց հետ:

 

"Եթե մենք հիմա արագ չկարգավորենք իրավիճակը, ապա ԵԱՏՄ կործանումն անխուսափելի է։ Խոսքը Հայաստանի մասին չէ։ Մենք մեր առջեւ ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դրել, պարզապես, եթե այդ հարցերը չլուծվեն, ԵԱՏՄ կործանումն անխուսափելի կլինի", - կրկնել է Փաշինյանը։

 

Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ խնդիրներն ուժեղ չեն հարվածել տնտեսությանը, քանի որ տնտեսական ակտիվությունը Հայաստանում հունվար - մայիսին 8 տոկոս աճ է գրանցել, իսկ միայն մայիսին՝ 11 տոկոս:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի լիազոր մարմինները ՝ "Ռոսպոտրեբնադզորը" և "Ռոսսելխոզնադզորը", սահմանափակումներ են մտցրել Հայաստանից ԵԱՏՄ երկրների շուկաների ուղղությամբ գյուղատնտեսական արտադրանքի և ծաղիկների արտահանման նկատմամբ: Պատճառը, ինչպես ասվել է գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրություններում, հայտնաբերված խախտումներն էին։ Ընդ որում, թարմ գյուղմթերքի շուրջ 90 տոկոսը Հայաստանն ավանդաբար արտահանել է ռուսական շուկա։

 

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև  առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-ապրիլին կրճատվել է 19,2% - ով՝ կազմելով 1,881 մլրդ դոլար։ Ընդ որում, արտահանումը նվազել է 4,7% - ով՝ մինչև 911,6 մլն դոլար, ներմուծման 29,3% անկման ֆոնին ՝ մինչև 970,1 մլն դոլար։